“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով:
Այդ ողջ ընթացքում Պուտինը եւ Օլանդը գրեթե չեն նայել միմյանց` յուրաքանչյուրն ընթերցելով փասատաթղթի իր տարբերակը: Սակայն նրանց հայացքներում սառնություն էլ չի նկատվել: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե նախագահներն անկեղծ են զրուցում, սակայն ինքը ջերմություն չի զգում, Պուտինը պատասխանել է. “Մոտ եկեք եւ կզգաք”:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն զգալիորեն ընկել է` “TNS Sofres” կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն: Ըստ ԶԼՄ-ների` Օլանդը վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիայի ամենացածր վարկանիշով նախագահն է:
Հարցումներն անց են կացվել փետրվարի 21-25-ը: Արդյունքները ցույց են տվել, որ նախագահին վստահում է հարցվածների շուրջ 30 տոկոսը: Միայն նրանք են կարծում, որ նա կհաղթահարի այն խնդիրները, որոնք կանգնած են պետության առջեւ: Վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին ավելի քչերն են վստահում` 28 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես զբաղեցրեց Ֆրանսիայի 24-րդ նախագահի պաշտոնը 2012-ի մայիսի 15-ին: