Հռոմի պապը վերջին անգամ է ելույթ ունեցել
Հրաժարական տված Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր իր վերջին ելույթն է ունեցել Վատիկանում` 10 հազարանոց ամբոխի առջեւ, հաղորդում է “BBC”-ն:
“Ես հրաժարական եմ տվել` գիտակցելով նման քայլ ողջ ծանրությունը եւ եզակիությունը` միաժամանակ դա արել եմ հոգու խորին հանգստությամբ”,-ամբոխին է հայտնել Բենդիկտոս 16-րդը:
Հռոմի պապը խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդության տարիների յուրաքանչյուր րոպեին աստված առաջնորդել է իրեն, եւ որ ինքը երջանիկ եւ դժվար պահեր է ապրել` հավելելով, որ ինքը շարունակում է ծառայել իր աղոթքների միջոցով, ինչպես նաեւ կոչ է արել աղոթել նոր պապի համար, ով էլ որ նա լինի:
Ավելի վաղ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր, որ կլքի Հռոմի պապի գահը փետրվարի 28-ին: 85-ամյա պապը իր որոշումը բացատրել է նրանով, որ իր տարիքը եւ ուժերն այլեւս թույլ չեն տալիս հավատարմորեն ծառայել աստծուն:
Բենեդիկտոս 16-րդը 600 տարվա ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, ով հրաժարական է տվել: