Կալիֆորնիայում ոստիկանները հայի են սպանել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տղամարդը առեւանգել է ոստիկանական մեքենան, իսկ երբ ոստիկանները սկսել են հետապնդել նրան, փախուստի է դիմել, ու ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել ու սպանել նրան։ Ինչպես պարզվել է, սպանվածը ազգությամբ հայ, Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գեւորգ Ալաչաջյանն է, գրում է losangeles.cbslocal.com-ը:
Ինչպես պարզվել է, Ալաչաջյանը ահազանգել էր ոստիկանություն, ասել, թե իրեն օգնություն է հարկավոր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը դուրս էր եկել մեքենայից, այդ ժամանակ կասկածյալը նստել էր մեքենան եւ մեծ արագությամբ հեռացել։
Երբ ոստիկանները փորձել են կանգնեցնել նրան, Ալաչաջյանը դուրս է եկել մեքենայից, դիմադրություն ցույց տվել, ոստիկանները գնդակահարել եւ սպանել են նրան։
Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։