Վարչապետը հրաժարական է տվել
Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել` զանգվածային բողոքի ակցիաների ֆոնի վրա, որոնք բուլղարացիները կազմակերպել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Ոստիկանության հետ բախումների արդյունքում մի քանի քաղաքներում շուրջ 20 մարդ է տուժել, գրում է “gazeta.ru”-ն:
“Ես չեմ ցանկանում լինել այն իշխանության մասը, որի օրոք ոստիկանները ծեծում են մարդկանց”,-հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նրա կուսակցությունը շարունակում է մնալ խոշորագույնը խորհրդարանում, նրա կազմում է նաեւ երկրի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը:
Վարչապետի խոսքով` նախարարների կաբինետն ամեն ինչ արել է, որպեսզի ընդառաջի ցուցարարների պահաջներին: Երկուշաբթի Բորիսովը փորձել է թուլացնել լարվածությունը հասարակության մեջ` աշխատանքից հեռացնելով փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովին եւ խոստանալով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Լրատվամիջոցները հայտնում էին, որ վարչապետը պատրաստվում է մի շարք բարեփոխումներ կատարել, սակայն ցույցերը շարունակվեցին նաեւ դրանից հետո: Բացի սակագներից դժգոհելուց, ցուցարարները մտադիր են նաեւ ազատվել կառավարությունից, որին կոռումպացված են համարում: