Չավեսի հաղթական վերադարձը
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը թվիթերյան իր բլոգում հայտարարել է, որ հայրենիք է վերադարձել` Կուբայում քաղցկեղից բուժվելուց հետո եւ բուժման կուրսը կշարունակի հայրենիքում: Մեկ այլ թվիթում Չավեսը շնորհակալություն է հայտնել Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյին եւ նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյին աջակցության համար, ինչպես նաեւ այն բժիշկներին եւ բուժքույրերին, ովքեր խնամել են իրեն հիվանդ ժամանակ: 2012-ի նոյեմբերի 1-ից սա առաջին անգամն է, որ Չավեսը հայտնվել է “Twitter”-ում:
Նախորդ շաբաթ` փետրվարի 15-ին, Վենեսուելայի իշխանություններն առաջին անգամ հրապարակեցին նախագահի առաջին լուսանկարներն այն բանից հետո, ինչ նրան հերթական անգամ վիրահատեցին Կուբայում: Լուսանկարում նա հիվանդասենյակում է` դուստրերի հետ:
2012-ի հոկտեմբերին Ուգո Չավեսը կրկին անգամ 6 տարի ժամկետով ընտրվեց Վենեսուելայի նախագահ, սակայն նրա երդմնակալության արարողությունը մինչ օրս այդպես էլ չի կայացել հիվանդության պատճառով: Երկրի սահմանադրության համաձայն` նա պետք է երդվեր մինչեւ հունվարի 10-ը: Քանի որ այդ ընթացքում Չավեսը բուժման կուրս էր անցնում Հավանայում, վենեսուելական ընդդիմությունը նոր ընտրություններ էր փորձում անցկացնել, սակայն երկրի Գերագույն դատարանը թույլ տվեց նախագահի`պաշտոնի անցնելը հետաձգել անորոշ ժամանակով: