ԻՊ զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում Փարիզում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներն են /ֆոտո/
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ներկայացված են Փարիզի ահաբեկչական գործողություններին մասնակցած զինյալները: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների տարածած տեսանյութում նրանք գլխատել են մի քանի պատանդների, գրում է Daily Telegraph-ը:
Կադրերը նկարահանվել են անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հարձակումից առաջ, բայց հրապարակվել են հունվարի 24-ի երեկոյան: Թե երբ է ստույգ նկարահանվել հոլովակը՝ հայտնի չէ:
Նրանց թվում, ովքեր տեսագրության մեջ մահապատիժ են իրականացրել, Բիլյալ Հադֆին է, որը ոչնչացվել է Փարիզում իրականացված գրոհի ժամանակ:
Ցուցադրված է նաեւ Աբու ալ Կիտալ Ֆարանսին, որը, ինչպես ենթադրվում է, «Բատակլան» համերգասրահում կրակ բացած զինյալներից մեկն է:
Հոլովակում «անհավատների» հասցեին սպառնալիքներեն հնչում Լոնդոնի Թաուերի կամրջի եւ Սուրբ Պետրոսի տաճարի լուսանկարների ֆոնին: Ահաբեկիչների պնդմամբ՝ իրենք պատրաստ են հարվածներ հասցնել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:
Կադրերում՝ նշանառության տակ ներկայացված է նաեւ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերկոուն:
Տեսագրությունն ավարտվում է «անհավատների» հետ հաշվեհարդարի հերթական սպառնալիքներով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվել է 130 մարդ, տուժել է եւս ավելի քան 350 հոգի: Դրանց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: