Սիրիայում պայթյունի հետևանքով 4 հայ է զոհվել

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քամըշլը քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, օրեր առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում:Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես քրիստոնյաներ են, որոնց թվում՝ նաև 4 հայ: Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել:
Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Ըստ վկայի՝ եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի: