Պետք է պայմաններ ստեղծել, որ մասնագետները հետ վերադառնան. Ս. Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նախագհն իր խոսքում մասնավորապես ասել է.
«Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ, Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ, և այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում: Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաև զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու:
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրիի նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, և մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու: Ժամանակակից առողջապահական հաստատությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաև մասնագետների խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի ետ վերադառնան:
Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ Գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են: