24-ամյա Յանան մահացել է ծննդատանը /վիդեո/
Կրասնոդարի շրջանի Տուապսե քաղաքի ծննդատանը մահացել է 24-ամյա հայազգի Յանա Պլակսիյը: Յանայի հարազատները համոզված են, որ դեպքը տեղի է ունեցել բժիշկների անպատասխանատվության հետևանքով: Նրանք պնդում են, որ հիվանդին առաջին օգնություն ցուցաբերելու փոխարեն անձնակազմը նշել է գլխավոր բժշկի տարեդարձը, գրում է LifeNews-ը։
Յանայի մայրը` Մանուշակ Մելքոնյանը, պատմել է, որ աղջկան վաղ առավոտյան հիվանդանոց տարան, ասացին, որ այդ օրն էլ պետք է ծննդաբերի։
«Նա լավ տրամադրություն ուներ, չէր անհանգստանում։ Հետո հեռախոսով ինձ ասում էր, որ ցավեր ունի ու չի կարողանում շնչել»,- պատմել է մայրը։ Աղջիկը հեռախոսով մորը բողոքել է որովայնի հատվածում ուժեղ ցավերից, և պատմել, որ բժիշկները նրան ցավազրկող են ներարկել, ապա գնացել ծնունդ նշելու: Ծննդկանը փորձել է զանգահարել իր բժշկին՝ Լարիսա Առաքելովային, ով չի պատասխանել զանգերին։
«Անմիջապես գնացինք հիվանդանոց, բայց ասացին, որ Յանան մահացել է»,- պատմում է մայրը։
Մահացած կնոջ ամուսինը` Վլադիմիր Պլակսիյը, լրատվամիջոցին հայտնել է, որ իր կինը մինչ հիվանդանոց գնալը որեւէ խնդիր չի ունեցել։ Նա ասել է, որ երբ իրեն հայտնել են, որ կինը մահացել է, ուշագնաց է եղել եւ այլեւս ոչինչ չի հիշում բժիշկների արդարացումներից։
Հիվանդանոցի բուժանձնակազմը հերքում է իր մեղավորությունը` նշելով, որ կնոջ մահը որևէ կերպ պայմանավորված չէ գլխավոր բժշկի ծննդյան տոնով: «Այո, իմ ծննդյան օրն էր, սակայն դա ոչ մի կապ չունի պատահածի հետ»,- հայտարարել է ծննդատան գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանը: