ԵՄ ղեկավարներին Նոբելյան մրցանակ շնորհվեց /վիդեո/
Նոբելյան մրցանակի նորվեգական հանձնախմբի նախագահ Տյուրբերն Յագլանդը շնորհել է խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիության ղեկավարներին, հաղորդում է “AFP”-ը: Մրցանակն ստացել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Դեռեւս նոյեմբերին Բարոզոն հայտարարել էր, որ մրցանակային ֆոնդը` 930 հազար եվրոյի չափով, կտրամադրվի պատերազմներից տուժած երեխաներին, ովքեր Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` “ոչ միայն ապագայի գլխավոր հույսն են, այլ նաեւ նրանք, ովքեր մշտապես դառնում են հակամարտությունների ամենամեծ զոհը”:
Մրցանակաբաշխության ժամանակ Բարոզոն հայտարարել է, որ չնայած ներկայումս եվրագոտում առկա ֆինանսա-տնտեսական դժվարություններին, ԵՄ երկրները կպահպանեն իրենց միասնությունը, ինչպես նաեւ եվրոն, որը Բարոզոն անվանել է իր կազմակերպության “խորհրդանիշը”:
Նշենք, որ մի խումբ Նոբելյան մրցանակակիրներ հանդես էին եկել ԵՄ-ին մրցանակ շնորհելու դեմ: Նրանց կարծիքով` ԵՄ-ի գործունեութունը չի համապատասխանում խաղաղության մասին այն ձեւակերպմանը, որն իր կտակում ներկայացրել է Ալֆրեդ Նոբելը, հետեւաբար Նոբելյան նորվեգական կոմիտեն մրցանակն “անթույլատրելի” ձեւով է շնորհել: