Մահացել է լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը

88 տարեկանում Մոսկվայում իր մահկանացուն է կնքել սովետական հետախույզ, Սովետական Միության Հերոս Գեւորգ Վարդանյանը: Հետախույզի մահվան պատճառը քաղցկեղն էր:
Վարդանյանը ծնվել է 1924-ին Դոնի Ռոստովում: 1930-ին նա իր ընտանիքի հետ մեկնում է Իրան, որտեղ նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը, առեւտրական գործունեության անվան տակ աշխատել է սովետական հետախուզության համար:
Վարդանյանն իր հոր հետքերով գնաց 1940-ին` 16 տարեկանում: Նա աշխատում էր “Ամիր” անվան տակ եւ զբաղվում էր գերմանացի եւ բրիտանացի գործակալների բացահայտմամբ:
Համարվում է, որ Վարդանյանի կենսագրության մեջ նշանակալից դեր է ունեցել 1943-ին Թեհրանի կոնֆերանսի մասնակիցների վրա հարձակման կանխումը: Կոնֆերանսին հանդիպել էին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարները:
Վարդանյանի կինը` Գոհարը, նույնպես կապված էր հետախուզության հետ: Ընդհանուր առմամբ ամուսիններն արտասահմանում աշխատել են ավելի քան 30 տարի` վերջնականապես ԽՍՀՄ վերադառնալով 1986-ին:
Գեւորգ Վարդանյանը պաշտոնաթող է եղել 1992-ին` գնդապետի պաշտոնում: