16 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

Ո՞վ է կինը քրիստոնեության մեջ

87179929733efb838637e4b5956a8096

․․․Որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3։28)

Կնոջ դերը եկեղեցում և քրիստոնեության մեջ հաճախ ստորադասվում է այն մարդկանց կողմից, ովքեր թյուր պատկերացումներ ունեն առհասարակ Եկեղեցու, եկեղեցական ընկալումների մասին։ Մարդիկ կարծում են, թե Եկեղեցին, լինելով պահպանողական, անպայմանորեն պետք է ստորադասեր կնոջ դերը, գերակա համարեր տղամարդու դերը։

Նման պատկերացումներ ու ընկալումներ ունեցող բոլոր մարդիկ հաշվի չեն առնում սակայն, մի պարզ փաստ։ Հենց Սուրբ Գրքում է փաստված՝ Աստված ամենքին հավասար ստեղծեց։

Ո՞վ է կինը ուրեմն։

Կնոջ դերի մասին բացատրությունը ճշգրտորեն տվել է Սուրբ Օգոստինոս Երանելին՝ ասելով․ «Կինը տղամարդու կողից ստեղծվեց: Ո՛չ ոտքից, որպեսզի նվաստացվի: Ո՛չ գլխից, որ գերազանցի: Այլ կողից, որպեսզի նրա կողքին լինի: Թևի տակից, որպեսզի պաշտպանվի: Եվ սրտի կողմից, որպեսզի սիրված լինի»: Ուստի՝ կնոջ դերը ոչ թե ստորադասված է, այլ առանձնացված, ինչպես և տղամարդունը։ Եվ առհասարակ, ինչպես կյանքում, այնպես էլ քրիստոնեության մեջ, ամեն բան կարգավորվում և էլ ավելի գեղեցիկ ու կատարյալ է դառնում, երբ ստանում է իր դերը, որը կրկնվող չէ, այլ միայն ու միայն իրենն է։

Երբ Պողոս առաքյալն ասում է, որ տղամարդն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու (Ա Կորնթ. 11։3 ): Բնավ նկատի չունի, թե տղամարդն է գլխավորը, իսկ կինը՝ ստորադաս մեկը։ Առաքյալը սոսկ ընդգծում է այդ երկուսի դերերը, դերաբաշխումը և ոչ թե աստիճանակարգումը: Տղամարդու՝ գլուխ լինելը նշանակում է հոգատարություն, քնքշություն կանանց հանդեպ և աջակցություն նրանց, այլ ոչ թե ավելի բարձր դիրք։

Պողոս առաքյալը, կարծես ենթադրելով, որ դարեր անց այս պնդումները, պատգամները այլ կերպ են մեկնաբանվելու, գաղատացիներին ուղղված իր թղթում փաստում է՝ Քրիստոսով խտրություն չկա տղամարդու և կնոջ միջև․ «Ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3։28): Այս ասելով էլ առաքյալը բնավ չի ասում, թե նրանք նույնն են, թե նույնանում են, այլ այն, որ թեև տարբեր են, ունեն իրենց հատուկ դերերը, սակայն հավասար են Աստծո առաջ։

Եթե դեռևս կասկածներ են մնում քրիստոնեության մեջ կնոջ դերի ստորադասված չլինելու մասին, ապա հիշենք մի քանի կարևոր փաստ․ մեր՝ քրիստոնյաներիս ամենամեծ սրբերից մեկը Մարիամ Աստվածածինն է, ում միջոցով էլ Աստվածորդին աշխարհ եկավ, ում միջոցով սկսվեց մարդկության փրկագործման ծրագիրը: Ինչո՞ւ Աստված «ստորադաս» մեկից պիտի սկսեր այն և ինչո՞ւ Քրիստոս երկու կարևոր իրադարձության՝ և՛ Ծննդյան, և՛ Հարության ժամանակ առաջինը հենց կանանց պիտի հայտնվեր:

Այս պատասխան չենթադրող հարցերից էլ սկսենք մեր ճանապարհը դեպի մեր դերերի ընկալումը՝ լինենք կին, թե տղամարդ։

qahana.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ