21 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Արցախի ռուսական համայնքը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

unnamed

Արցախի ռուսական համայնքը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «անհապաղ կանգնեցնել սարսափելի պատերազմը, որն Արցախի դեմ սկսել է Ադրբեջանը»:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Ես՝ Գալինա Սոմովաս՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ռուսական համայնքի ղեկավար, դիմում եմ Ձեզ ինչպես իմ անունից, այնպես էլ շատ հայրենակիցներիս, որոնք այս հողում ապրելու խոր արմատներ ունեն (որդիներ եմ մեծացրել, դաստիարակում եմ թոռներիս): Խնդրում եմ Ձեզ անհապաղ կանգնեցնել այս սարսափելի պատերազմը, որը նենգորեն մեր դեմ է սկսել Ադրբեջանը՝ սեպտեմբերի 27-ին:

Ավելին, չնայած Մոսկվայում հոկտեմբերի 9-ին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելուն՝ Ադրբեջանը շարունակում է անդադար ռազմական գործողությունները ոչ միայն շփման գծում, այլև անօդաչուներով թիրախավորված ռմբակոծություններ է իրականացանում Ստեփանակերտի, Շուշիի և այլ հայկական գյուղերի բնակելի թաղամասերի, դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների և կենսական նշանակության այլ կառույցների դեմ՝ օգտագործելով կասետային ռումբեր:

Այսօր ռուսական համայնքում մենք 1500 բնակիչ ենք: Կարող էր լինել շատ ավելին, եթե ԽՍՀՄ փլուզումը չլիներ: Այն ժամանակ շատերը մեկնեցին Ռուսաստան՝ աշխատանք որոնելու, որպեսզի պահեն հայրենիքում՝ Արցախում, մնացած ընտանիքներին: Այսօր, երբ ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն է շրջափակման մեջ գտնվում, երբ ահաբեկիչ գրոհայինները գլխատում են խաղաղ բնակիչներին և այրում նրանց տները, վտանգի տակ է գտնվում ոչ միայն Արցախը, այլև՝ Կովկասը:

Այս սարսափելի վտանգն ուղղված է նաև այստեղ ապրող ռուսների դեմ: Մենք չենք պատրաստվում թողնել մեր հայրենի օջախները, փախչել՝ թողնելով հարազատներին և հայ ընկերներին մեն մենակ թշնամու դեմ, որը չի խղճում ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին:

Վստահ եմ՝ Դուք լավ գիտեք, ինչը հայտնի է նաև ողջ աշխարհին (բացի Ալիևից և Էրդողանից), որ Ղարաբաղը հնագույն ժամանակներից հայկական հող է:

Հարգարժան, Վլադիմիր Վլադիմիրի, մենք՝ Արցախում ապրող ռուսներս, որ այս հողը նաև մեր հայրենիքն ենք համարում, չենք հավատում ադրբեջանցի նախագահի կեղծ խոսքերին, որը միջազգային հանրությանը վստահեցնում է Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին: Մենք վախենալու բան ունենք: Շուշիում 20 հազար հայերի կոտորածը 1920 թվականին, 1988թ.-ին Սումգայիթում, այնուհետև Բաքվում, Կիրովաբադում, և այլ ողբերգություններ ենք արդեն վերապրել հայերի հետ միասին, չէ որ ռուսներին նույնպես վտարում և սպանում էին:

Գիտեմ, որ ռուս զինվորականները վերջերս ոչնչացրել են Ադրբեջանի համար կռվող ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնը Սիրիայում: Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում: Նրանց պետք է ոչնչացնել Ադրբեջանում, քանի որ դա ուղիղ վտանգ է ուղղված Ռուսաստանին: Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի վտանգին:

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, թույլ մի տվեք Ադրբեջանին և Թուրքիային իրագործել իրենց սև գործը՝ Ցեղասպանությունը, բնաջնջել մեզ՝ Արցախի քրիստոնյաներին:

Հույս ունեմ, որ նամակս կընդունեք որպես SOS ազդանշան»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ