25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում».Դևին չեն մոռանա

«Այսօր արցախյան ազատամարտի Հերոս ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ծննդյան օրն է: Նա կդառնար 52 տարեկան: 
Շնորհավոր ծնունդդ Հերոս,հավերժ փա՜ռք քեզ…

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (ԴԵՎ) 
Արցախյան ազատամարտի Հերոս, ազատագրական շարժման գործիչ, գրող։Ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։1985թ-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»: Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ, մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: Փոքրուց լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա` «Տիգրան Մեծ» ջոկատում: 
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: 
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: 1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։
Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ, պապի տանն ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր… Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը: 
Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում»։

Սուսաննա Իսահակյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ