Շիրակն այդպես էլ չներեց Սարկոզիին
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին կքվեարկի ոչ թե գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, այլ նրա հիմնական մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի: Հարկ է նշել, որ նախկին նախագահը մեծ հարգանք ունի Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիների մեծ մասը լսում են նրա կարծիքը, տեղեկացնում է “Российская Газета”-ն:
Ինչպես գրում է իտալական մամուլը, ֆրանսիական քաղաքականության 79-ամյա “պատրիարքը” շատ վիրավորված է Սարկոզիից եւ անընդհատ կրկնում է նույն արտահայտությունը. “Նա (Նիկոլա Սարկոզին) շատ վատ է խոսում եւ հիշում իմ մասին”: Հենց անձնական շարժառիթներն են Շիրակին դրդում քվեարկել Օլանդի օգտին, այլ ոչ թե վերջինիս հանդեպ համակրանքը:
2 քաղաքական գործիչների միջեւ անհամաձայնություններն սկսվել են դեռեւս 1990-ականների կեսերին: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Սարկոզին հաճախակի էր այցելում Շիրակի նստավայրը եւ արժանացել էր նախագահի կնոջ եւ դստեր համակրանքին: Ֆրանսիական դեղին մամուլը դեռ այն ժամանակ էր գրում “կայծի” մասին, որ առաջացել էր նախագահի դստեր եւ Ֆրանսիայի ՆԳ ապագա նախարարի, իսկ այն ժամանակ` ոչ մեծ ֆրանսիական քաղաքի քաղաքապետի միջեւ:
Թշնամությունն սկսվեց 1995-ին, երբ Սարկոզին` Շիրակի համար շատ անսպասելիորեն, նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Բալադյուրին: Սակայն նա պարտվեց, իսկ Շիրակը որոշեց “վրեժխնդիր լինել” Սարկոզիից` զրկելով նրան պաշտոններից եւ խզելով նրա հետ անձնական հարաբերությունները: Շիրակը երկար ժամանակ չէր կարողանում ներել Սարկոզիին դավաճանությունը: Եվ, կարծես թե, մինչ այժմ էլ չի ներել, չնայած այն փաստին, որ այդ ժամանակվանից նրանք պարբերաբար հրապարակայնորեն քննադատում են միմյանց: