Հայաստանն անցկացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զգացմունքային արարողություն
ԵՐԵՎԱՆ, Հայաստան (AP) – Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները մյուս առաջնորդների հետ ուրբաթ մասնակցեցին 100 տարի առաջ օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի արարողություններին, իրադարձություն, որը դիվանագիտական ցավոտ կետ է երկու կողմերի համար, գրում է interpress.am-ը` huffington post-ին հղումով:
Ամեն տարի ապրիլի 24-ի արարողությունները նշվում են այն օրը, երբ 250 հայ մտավորականներ սպանվեցին և դա համարվեց ջարդերի առաջին քայլը: Մոտ 1.5 միլիոն մարդ մահացավ կոտորածի, բռնի տեղահանության և ստիպողական երթերի ժամանակ, որը սկսվեց 1915-ին, քանի որ օսմանյան իշխանությունը մտավախություն ուներ, որ քրիստոնյա հայերը կանցնեն Ռուսաստանի կողմը, որն իր թշնամին էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Իրադարձությունը պատմաբաններն ընդունում են որպես ցեղասպանություն, սակայն ժամանակակից Թուրքիան, Օսմանյան կայսրության իրավահաջորդը, կտրականապես մերժում է մեղադրանքը, ասելով, որ զոհեր թիվն ուռճացված է և նրանք սպանվել են քաղաքացիական պատերազմի և խռովությունների ժամանակ: Հարյուրամյակի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ իր երկրի նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մի շարք այլ բարձրաստիճան անձինք ուրբաթ առավոտյան հավաքվել էին մայրաքաղաք Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Յուրաքանչյուր առաջնորդ մեկ դեղին վարդով քայլում էր դեպի հուշակոթող և այն դնում հիշատակի խորհրդանիշ դարձած անմոռուկ ծաղիկի տեսքով ծաղկեպսակի կենտրոնում:
«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որի միջով ձեր ժողովուրդն ացել է», – ասել է Օլանդը:
Ֆրանսիան դարձել է զգալի հայ համայնքի տունը: Ֆրանսահայերից Երևանում էր 90-ամյա երգիչ Շառլ Ազնավուրը, որը ծնվել է Փարիզում կոտորածից փրկվածների ընտանիքում:
Շատ հայերի համար սպանդի հիշատակումը ոչ միայն վշտի պահ է, այլև ազգի տոկունության հիշեցում: «Մենք այսօր մեծ ցավ ենք զգում, պատմության ցավ, միաժամանակ, մենք զգում ենք պատմության մեծ ուժը»,- ասաց Նադեժդա Անտոնյանը, ուսուցչուհի Երևանից, որը մասնակցում էր արարողությանը: «Մենք պետք է ոչ միայն գոյատևենք, մենք պետք է ապրենք, ուժեղ լինենք ու կառուցեն մեր պետականությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում զգուշացրեց ազգայնականության, ինչպես նաև «հակառուսականության» վտանգների մասին, հստակ ակնարկելով Արևմտյան կողմորոշում ունեցող Ուկրաինայի կառավարությանը:
Այս ամիս Թուրքիան հետ կանչեց իր դեսպաններին Վիեննայից ու Վատիկանից, երբ Ավստրիան և Հռոմի Ֆրանցիսկոս պապը սպանությունները նկարագրեցին որպես ցեղասպանություն: Եվրախորհրդարանը նույնպես Թուրքիայի զայրույթն առաջացրեց ընդունելով « Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի» հիշատակի բանաձև:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կոտորածը ցեղասպանություն ճանաչելու վերջին քայլերը կօգնեն «ցրել 100 տարվա ժխտման խավարը»: Հայերը և թուրքերը երթ էին ծրագրել Ստամբուլի գլխավոր հրապարակում հիշելու հայ մտավորականներին, որոնք սպանվեցին այդ քաղաքում 100 տարի առաջ և կոչ արել կառավարությանը ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Ազգայնական մի փոքր խումբ էլ նախատեսել էր բողոքի ակցիա անցկացնել՝ դատապարտելով ցեղասպանության մեղադրանքները:
Սերժ Սարգսյանը ողջունել է Թաքսիմ հրապարակում զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքը, կազմակերպիչներին անվանելով «ուժեղ մարդիկ, ովքեր կարևոր գործ են անում իրենց հայրենիքի համար»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ այս շաբաթ ցավակցական ուղերձ է հղել զոհերի ժառանգներին, սակայն սպանությունները ցեղասպանություն չէր կոչել:
Ուրբաթ օրը, Վոլկան Բոզկիրը, Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների հարցով նախարարը, առաջին թուրք պաշտոնյան էր, որ մասնակցեց 1915 թվականի Կոտորածի զոհերիհիշատակին Պոլսո Հայոց պատրիարքարանի մատուցած պատարագին:
«Մենք հարգում ենք մեր հայ եղբայրների ցավը և ոչ մի ձևով չենք հակադրվում այս ցավի հիշատակմանը», – ասել է Բոզկիրը: «Մենք մեզ պարտավորված զգացինք մասնակցելու այս ծառայությանը»:
Աղբյուր` Interpress.am