Ուրբաթ օրվա աղոթք
Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները`
իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա,
և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը,
բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից:
Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար,
ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված:
Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս:
Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր,
և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից:
Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին,
որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից.
Ամեն: