67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են միեւնույն օրը
Կալիֆորնիայում ամուսնական զույգը, որը 67 տարի միասին է ապրել, մահացել է միեւնույն օրը` 5 ժամվա տարբերությամբ: Ֆլոյդ Հարթվիգը մահացել է փետրվարի 11-ին` 90 տարեկան հասակում, իսկ 5 ժամ անց նրան հետեւել է կինը` Վիոլետը, գրում է ABC-ը:
Զույգին հայտնաբերել են իրար ձեռք բռնած ու մահացած: Նրանց դուստրը` Դոննա Շարտոնը, ասել է, որ ինքը շատ ուրախ է, որ ծնողները հենց այդպես են մահացել, քանի որ հենց իրենք էին միշտ այդպես ցանկանում:
Ֆլոյդն ու Վիոլետը ծանոթացել են դպրոցում, ապա երկար տարիներ հանդիպել են եւ 1941 թվականին ամուսնացել: Զույգը երեք երեխա ունի` երկու դուստր եւ մեկ որդի, ինչպես նաեւ 6 թոռ: