Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը․
«Բարև ձեզ, սիրելի’ հայրենակիցներ։
Ինչպես գիտեք՝ հերթական շինծու քրեական գործով գտնվում եմ այժմ տնային կալանքի տակ։ Եվ սա իմ և իմ կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է, որ մեկնարկել է 2018 թվականից։ Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը մի քանի տասնյակից մինչև հարյուրից ավել է։ Եվ պետք է խոստովանել, որ ընդդիմության միասնական պայքարը բավարար չէ այդ մարդկանց ազատությունը վերադարձնելու համար։ Սա ասում եմ ոչ թե որպես քաղաքական բանտարկյալներից մեկը, այլ մարդ, որ ունի որոշակի ազատություն բարձրաձայնելու մյուս քաղբանտարկյալների խնդրի մասին։
Ընդդիմությունը, փոխանակ միասնական կերպով պայքարի՝ այդ թվում քաղբանտարկյալների ազատության համար, ի դեմս դրա մի մասի՝ երկրորդ նախագահի քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչների, շարունակում է պիտակավորել ու հարձակումներ գործադրել Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության նկատմամբ, ինչը զավեշտալի է։ Եթե այդ մարդիկ այդ ջանքերի կեսի կեսը ներդնեին Ռոբերտ Քոչարյանի և մյուս քաղբանտարկյալների ազատության համար, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այդ բանտարկվածների դեպի ազատություն տանող ճանապարհը շատ ավելի հարթ կլիներ։
Հայաստանն աննախադեպ է քաղբանտարկյալների թվով հետխորհրդային տարածքում։ Մեկ շնչին ընկնող բնակչության հաշվարկով մեզ մոտ ամենաշատն են քաղբանտարկյալները։ Ավելին, Եվրոպայի խորհրդի ցանկում առանց վերջնական դատական վճռի քաղաքական դրդապատճառներով ազատազրկված և ոչ միայն քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մարդկանց քանակով մենք նույնպես ամոթալի առաջատարներից ենք։ Երբ խոսում ենք քաղաքական բանտարկյալների մասին, ապա պետք է հիշենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները նույնպես քաղաքական բանտարկյալներ են և նույն պատճառով, ինչ պատճառով Հայաստանի բանտերում նստած են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ՝ այլախոհության, հայրենասիրության և իրենց խղճի հետ գործարքների չգնալու պատճառով։
Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունն այս իշխանությունները ժխտում են, և սա նորմալ է։ Այո, սա քաղբանտարկյալների պարադոքսն է. բոլոր ավտորիտար երկրներում այդ երկրների ղեկավարները՝ լինի Թուրքիա, Ադրբեջան, Բելառուս և այլն, երբեք չեն ընդունում քաղբանտարկյալների առկայության հարցն իրենց երկրներում։ Եվ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բացառություն չէ։ Եվ պարադոքսը հետևյալն է՝ որքան իրենք շատ ու ուժգին են ժխտում քաղբանտարկյալների առկայության փաստը Հայաստանում, այնքան ավելի տեսանելի է քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում։ Իսկ ես ունեմ որոշակի հնարավորություն ձեզ հետ այս ձևաչափով շփվելու՝ դեռևս ճաղերի հետևից, բայց այդուհանդերձ այս շփումները կշարունակենք։
Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատությո’ւն Հայաստանի Հանրապետությանը»։











































