Հայաստանի տնտեսությունը շատ լավ վիճակում է. Խաչատուր Սուքիասյան
Ազգային ժողովը քննարկում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, թե սա վերաբերում է այն իրավակարգավորումներին, որով կխթանեն Հայաստանում անկանխիկ գործառնությունների իրականացումը:
«Կնվազեն կանխիկի գործառնությունների ծախսերը, անկանխիկ գործառնությունները կդառնան ավելի մատչելի, շահավետ ու արդյունավետ», – ասաց նա:
ԿԲ փոխնախագահի խոսքով՝ անկանխիկ գործառնությունների իրականացումը նվազեցնելու է ստվերային տնտեսությունում շարժառիթները:
Հարակից զեկուցող, Ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսիկ Մանավազյանն ասաց, թե գլխադասային հանձնաժողովում մանրամասն քննարկվել է նախագիծը, եղել են մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են. փոխվել է գրավատների սահմանաչափերը. եթե նախկինում 20 հազար դրամ էր, ապա հուլիսի 1-ից կլինի 80 հազար դրամ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար, 2024 թվականից՝ 20 հազար դրամ: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե այս նախագծի վերաբերյալ պետք է տեղի ունենային հանրային քննարկումներ:
«Այս նախագծի հիմնական շահառուն բանկերն են, որովհետև այս նախագիծն այն մասին է, որ բանկերն այլևս ամբողջությամբ կունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության վերաբերյալ: Սա, իրականում, կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես սեփականությունը կարող է տնօրինվել, կամ ինչպես չի կարող տնօրինվել: Սա, դասական իմաստով, իրավունքից հետ քայլ է», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ ասաց, թե սրանով պայքարելու են ստվերի դեմ:
«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են», – ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհը գնում է անկանխիկի:
«Իսկ մենք եկել ենք, ասում ենք կանխիկ, անհարմար է», – ասաց Սուքիասյանը:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:
Լրամշակված տարբերակով 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: