28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հայկական մշակութային աշունը” Գերմանիայում /ֆոտո/

Առաջին անգամ Գերմանիայում ճիշտ չորս ամիս տեւողությամբ կներկայացվի հայկական մշակույթը՝ երգն ու պարը, երաժշտական գործիքները նաեւ հայկական հետքերը Գերմանիայում, ցեղասպանությունը եւ այլն: Այս ամենը նախաձեռնել է “Հայ ակադեմիականների միությունը” մի շարք գերմանական ընկերությունների հետ: Գերմանիայի Բոխում քաղաքում կազմակերպված 8 խոշոր միջոցառումները ժամանակացույցով մեծամասամբ համընկնում են տեղի մշակութային միջոցառումների հետ:

“Մեր միության որեւէ ծրագիր առանձին չի: Սրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք ինտեգրված ներկայություն ենք Գերմանիայում եւ մեր միությունը կապի մեջ է բազմաթիվ մշակութային ու գիտական հաստատությունների հետ: Այսպիսի երկարաժամկետ ծրագիր մենք չենք ունեցել երբեք, առաջին անգամն է”,- հավաստիացնում է “Հայ ակադեմիականների միության” նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Օգոստոսի 15-ին, երբ միջնադարյան հայտնի Քեմնադա ամրոցում գտնվող երաժշտական գործիքների թանգարանում փակվել է երաժշտական գործիքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նաեւ հայկական մի շարք գործիքներ, բացվել է հայկական միջոցառումների շարքը: Նույն ամրոցում տեղի է ունեցել առաջին հայկական համերգը:

Օգոստոսի 17-ին Բոխումի արվեստի թանգարանում /Ի դեպ այս թանգարանում 1995 թ. բացվել է աշխարհում տեղի ունեցած հայկական ցուցահանդեսներից ամենամեծը:/ շարունակվել է հայկական մշակութային աշունը՝ “Գեղարդ” պարի անսամբլի համերգը՝ պրոֆեսոր Ալբերտ Կիզիրյանի ղեկավարությամբ:

“Այս երկու միջոցառումների դեպքում էլ ներկաների մոտ 20 տոկոսն էին հայերը, մնացածները գերմանացիներն էին: Եվ ամսի 15-ին եւ 17-ին դահլիճներում տեղ չկար, լեփ լեցուն էր, աթոռներ ենք ավելացրել: 17-ի համերգին մոտ 300 հանդիսատես ունեինք”,- պատմում է Ա. Օրդուխանյանը:

Henaran.am-ի հետ զրույցում Ազատ Օրդուխանյանը նշեց, որ իրենք ցանկացել են հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումները ժամանակացույցով համապատասխանեցնել տեղի մեծ միջոցառումներին՝ դառնալով դրանց մի մասը: Նրանք հաշվի են առնել նաեւ մի կարեւոր սկզբունք՝ այս քայլով ցույց են տալիս, թե ինչքան են ինտեգրված տեղի մշակութային կյանքին:

Միջոցառումներից մեկը, որ տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին, նվիրված է Շեքսպիրի 400 ամյակին: “Մենք էլ ուզեցինք այս ամենի մեջ մտցնել հայկական բաժին: Հետեւյալ կերպ. Շեքսպիրը բռնության մասին է գրել, մենք բռնության ենթարկված ժողովուրդ ենք: Հրավիրել ենք մեկական հայ, թուրք, քուրդ եւ հրեա գրողների, որոնք պետք է խոսեն հայոց ցեղասպանության մասին, բռնության մասին: Ծրագրերից մեկը նվիրված է Գերմանիայում Հայաստանի առաջին դեսպանին, նրա թոռանն ենք հրավիրել, մյուսը ներկայացնելու է “Երիտասարդ հայուհիները գերմանական հումանիտար գիտության մեջ”” եւ այլն,- պարզաբանում է Ա. Օրդուխանյանը:

“Հայկական մշակութային աշունը” Գերմանիայում, որ բավական հագեցած ծրագրեր է ներկայացնելու, կեզրափակվի նոյեմբերի 15-ին Մարիետա Արմենաի “Խաղաղություն” խորագրով նկարների ցուցահանդեսով, կտեւի 2 շաբաթ: Այն կբացվի Բոխումի Լինդեն թաղամասի Քրիստոս եկեղեցում, որի բակում դրված է Հայաստանից բերված Խաղաղության հուշարձանը /2007թ, 3մ բրոնզաձույլ հուշարձան, հեղ. Ալբերտ Վարդանյան/:

Ա. Օրդուխանյանի խոսքերով, գերմանական մամուլն արդեն ակտիվ անդրադարձ է կատարել այս միջոցառումներին, որոնց մասին վերջինս իր գոհունակությունն է հայտնում:

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ