23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք չենք կարող սիրել մեր ճանաչած բոլոր մարդկանց

«Սեր» բառը մինուճար է, բայց շատ բարեկամներ ունի. 
Սիրո գործերը ավելի կարևոր են, քան կեղծ սիրո արտահայտության դրսևորումը: Կենցաղում և մարդկային հարաբերություններում մենք անվերջ բախվում ենք ևս մեկ կարևոր խնդրի, որը կամ հաղթահարում ենք, կամ ոչ: Դա բոլորին սիրելու հարցն է:

«Սիրեք միմյանց» պատվիրանը երբեմն մեզ մտածելու տեղիք է տալիս այն առումով, որ չենք ուզում մերժել Աստծո խոսքը, բայց միևնույն ժամանակ չենք կարող սիրել մի մարդու, որի կյանքին ու վարքին ծանոթ ենք, և այն չի բխում քրիստոնեական մեր պատկերացումներից: Սա դարձյալ «սիրել» բառի մինուճար լինելու պատճառով է: Մենք սիրել պատկերացնում ենք մի տեսակ: Օրինակ` մեր երեխային, մեր ծնողին, մեր Հայրենիքը, մեր եկեղեցին, մեր բարեկամը: Մենք չենք կարող սիրել մեր ճանաչած բոլոր մարդկանց:

Երբ մենք չենք սիրում որևէ մեկին, պայման չէ, որ նրան ատենք, բայց պարտադիր պայման է, որ նրան կարիքի մեջ եղած ժամանակ օգնենք, խրատենք` եթե կարիքը կա, ընկած է` բարձրացնենք: Պարտավոր ենք օգնել և վատ չզգալ, որ առանձնապես չենք սիրում: Սիրելն էլ միանգամից չի տրվում մարդուն: Մենք նախ պետք է բազմաթիվ սիրո գործեր անենք, որպեսզի սիրելը դառնա մեր կյանքի բաղկացուցիչ մասը:

Օրինակ` երբ մենք չլուսաբանենք մեկի վատ արարքը` դեռ սիրել չէ, այլ սիրո գործ: Սիրո գործերը պետք է մեզ պարտադրելով անենք, որպեսզի իրական սերը մոտենա մեզ: Օրինակ՝ զրույցի ժամանակ պարտադրենք մեզ չասել մի բան, որը կարող է վիրավորել զրուցակցին, կամ խոսելիս ավելորդ մտքեր չարտահայտենք, որոնք մեզ չեն վերաբերում, առավել ևս երբ տեղյակ չենք երևույթին: Մեզ պարտադրելը շատ հեշտանում է, երբ այդ պահին մեր մտքում ասում ենք.

«Տեր իմ, ճիշտ է, ես Քեզ չեմ տեսնում, բայց համոզված եմ, որ Դու ինձ տեսնում ես ամեն ժամ, ես լռում եմ միայն հանուն Քեզ, օգնում եմ միայն հանուն Քեզ, օգնիր ինձ գոնե այս բանը միշտ հիշել»: Ուրեմն արա հանուն Աստծո, խոսիր հանուն Աստծո և լռիր հանուն Աստծո:

Թե չէ աղավաղվել են սիրո կերպերը: Սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել, գլուխը շոյել, անհարկի պաշտպանել կամ անհարկի ծափահարել:

Մեծագույն և Կատարյալ Սերը` Տեր Հիսուս Քրիստոս խարազանով տաճարից դուրս արեց այն պղծողներին: Մեր երեխային սիրելով սաստում ենք, հանդիմանում ենք, հարկ եղած դեպքում պատժում ենք, հակառակ իր կամքի տանում ենք բժշկի, քանի որ այն բխում է իր շահերից: Աղավաղված են սիրո տեսակները մեզանում:

Սիրել նշանակում է անձի բարիքի համար հոգ տանել, նրան վատություն չկամենալ, չար չխորհել նրա մասին և հոգևոր կապի մեջ լինել նրա հետ: Հասկանալ, թե ինչ է սիրելը, ավելի կարևոր է, քան կեղծ բարեպաշտության օրինակները և այդքան կրկնվող «սիրում եմ բայը»:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ