Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետ
Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին, ՖՄԿ Երևանի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։
«Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ», – ասաց նա։
ՀՀ վարչապետը նշեց, թե Հայաստանը հավատում է, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և ՀՀ ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։