«Մեծ վերադարձ». Բաքուն պատերազմի է պատրաստվում
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը հայտարարել է, որ իշխանությունը մշակել է «Մեծ վերադարձ» կոնցեպտ, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»:
Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «օկուպացված տարածքները հետ բերել», -հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հավելելով, թե իրենք պատրաստում են բանակը պատերազմի, քանի որ քաղաքական բանակցություններն իրենց դուր չեն գալիս ու իրենք պատրաստ են գրավել «իրենց տարածքները»:
«Մեր բանակն այժմ պատրաստ է այդ գործին, այդ թվում՝ հոգեբանորեն, բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում»,- ասել է Հասանովը: Զինված ուժերի 80 տոկոսը պայմանագրային ծառայող է ու ողջ ռազմական տեխնիկան ղեկավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն ամենաքիչը 5-6 տարվա աշխատանքային փորձ, ասել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր պաշտոնյան:
Հասանովի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարիներ առաջ դրած խնդիրը՝ երկրի զինուժը համալրել ամբողջական տեխնիկայով ու լիարժեք պատրաստ լինել պատերազմի, գրեթե ամբողջությամբ կատարված է: Հասանովի խոսքով, հունիսի 26-ին շքերթի ժամանակ ցուցադրվելու է գերժամանակակից համակարգ, որի գոյության մասին քչերը գիտեն ու դժվարանում են հավատալ, որ Ադրբեջանին է պատկանում այդ տեխնիկան: Շքերթի ժամանակ կցուցադրվեն նաեւ ամերիկյան Bell-412 ուղղաթիռները, ինչպես նաեւ Ми-24, Ми-24G, հարվածային Ми-35M, ծովային Ка-27: