Փորձում եմ օրինակ դառնալ, ոչ թե ուժեղ տղա երեւալ
Դերասան, քանդակագոծ, արվեստասեր և սպորտում հաջողություններ գրանցած՝ Հայկ Միրզոյանը պատմել է թատրոնի, ներքին խնդիրների, սպորտում կարևոր արժեքների, թիկնապահի կերպարի, առաջարկների, համագործակցությունների և երկրպագուների ու անձնական կյանքի մասին։
Հաճախ ենք ձեզ տեսնում հեռուստաեթերում՝ «ուժեղ տղայի» կերպարով։ Հայկ ինչպե՞ս և ում՞ կողմից եղավ առաջին առաջարկը։
-Առաջին առաջարկը եղել է Մկրտիչ Արզումանյանի կողմից, «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում, որտեղ այդ նույն «ուժեղ տղայի» կերպարն էի մարմնավորում։ Առաջարկը ստանալուց հետո, չեմ կարող ասել, որ առանց երկմտելու եմ համաձայնվել, որովհետև դա այն շրջանն էր, երբ ես թատրոնում էի խաղում և շոուբիզին մի փոքր թերահավատորեն էի մոտենում, բայց համաձայնվեցի ու հիմա ամենևին էլ չեմ փոշմանում։ Սա ընդունելով, կարելի է ասել, մի մեծ դուռ բացվեց դեպի շոուբիզնես և շարունակվեցին առաջարկները։ (Ժպիտ)
-Հայկ հաճախ մարմնավորելով այդպիսի կերպարներ, արդյո՞ք մտավախություն չկա, որ գուցե այդ կերպարի՝ (թիկնապահ) հետ կասոցացվեք։
-Իհարկե նման մտավախություն ունեցել եմ, որովհետև գնալով ավելի սահմանափակ են դառնում դերերը, դա կապ ունի նաև մարմնի մարզավիճակիս հետ, բայց կա նաև մեկ այլ խնդիր, Հայաստանում այդքան էլ պոպուլյար չէ, որ ուժեղ տղան կարող է լինել ֆիլմի գլխավոր հերոսը, այլ ոչ թե երկրորդական մի կերպար՝ թիկնապահ, եթե այսպես իրավիճակը դիտարկենք, կարելի է ենթադրել, որ սպորտը ավելի շատ խանգարել է դերասանական կարիերային, այլ ոչ թե օգնել։ (Ծիծաղ)
-Եղել եք և թատրոնում և կինոյում, առանձնացնու՞մ եք։
-Ես հիմա շատ ափսոսում եմ, որ թատրոնն իմ կյանքից պակասել է և հիմա ուղիներ եմ փնտրում նորից վերականգնելու, որովհետև ամեն դեպքում իրական խաղը լինում է միայն թատրոնում, թող ինձ ներեն բոլոր կինոդերասանները, ովքեր միայն ֆիլմերում են խաղում, որովհետև դերասանը հարստանում է թատրոնում, ֆիլմում՝ ծախսում, չնայած որ ֆինանսական առումով կատարվում է ճիշտ հակառակը, (Ժպիտ) առանց թատրոնի չի կարող լրացվել այդ ռեսուրսը, դրա համար էլ ես կառանձնացնեմ թատրոնը, բայց սա չի նշանակում, որ նեգատիվ եմ տրամադրված շոուբիզին, ո՛չ, ինչպես էլ, որ այն լինի, սա շատ լավ տարբերակ է ինչ որ լսարանի համար ճանաչված լինելու և պահանջված դառնալու համար, այսինքն սա խթանում է, որ այն ինչ ուզում ես ցույց տալ, կարող ես սրա միջոցով ավելի արագ ու հեշտ հասանելի դարձնել ավելի մեծ լսարանի համար։
-Զբաղվում եք նաև քանդակագործությամբ, կարելի՞ է ասել, որ այսկերպ փորձում եք լրացնել թատրոնի բացը։
-Մասամբ այո, իհարկե քանդակագործությամբ ու նկարչությամբ զբաղվելու ցանկությունը չի առաջացել թատրոնից հետո, այլ դրան զուգահեռ, բայց երևի սա կապ ունի, քանի որ թատրոնում չլինելը մի մեծ անդունդ էր առաջացրել և արվեստի այս ճյուղով էլ երևի փորձում եմ լրացնել այդ բացը։ (Երևի, ժպիտ)
-Ինչը՞ նպաստեց կամ խանգարեց, որ դուք չլինեք թատրոնում։
-Քանի որ ես աշխատում էի հենց մնջախաղի թատրոնում, այստեղ հարցը ոչ թե թատրոնից գնալն էր կամ թողնելը, այլ ներքին խնդիրները, սա ծեծված թեմա է, որովհետև այս թատրոնից դուրս են թողել շատ անվանի դերասանների և շատ հաղորդումներ ու լուսաբանումներ են եղել սրա շուրջ, այդ պատճառով չեմ ցանկանա շատ խոսել։ (Մտահոգ)
-իսկ չեք փորձե՞լ այլ թատրոններում աշխատանքը վերսկսելու մասին։
-Եղել են համագործակցություններ՝ ելույթային, մեկանգամյա դերերի տեսքով, բայց ոչ որպես մշտական աշխատանք. թատրոնում աշխատանք գտնելը դժվար է և սա ունի իր հիմնավոր բացատրությունը. գրեթե բոլոր թատրոնների ղեկավարներն ունեն իրենց կողմից անցկացվող կուրսեր՝ թատերական ինսիտուտում, որոնք պետք է անցնել, այդ կուրսերը ամեն երեք-չորս տարին մեկ ավարտում են քսանից երեսուն հոգի, իսկ թատրոնում մոտ այդքան դերասան կարող են լինել, գուցե ավելի քիչ։
-Վերջին շրջանում եղե՞լ են առաջարկներ, համագործակցություններ։ -Վերջին շրջանում առաջարկ ստացա «Կոսմոս սիթի Արմենիա» կայքից, շատ լայնածավալ և բազմաոլորտ համագործակցություն է ստացվել, որին կարող եք արդեն ծանոթանալ վերջին նորություններին հետևելով, առաջարկ սպասվում է նաև «Սեգաֆրեդո» սրճարանների ցանցի կողմից, որը դեռ քննարկման փուլում է, դեռևս շատ չեմ կարող մանրամասնել, բայց կարծում եմ այն ինչ լինելու է, լինելու է հետաքրքիր։
-Հայկ ունեք երկրպագուներ, այս փաստը մոտիվացնու՞մ, օգնու՞մ է ձեզ։ -Կարծում եմ, որ ցանկացած մարդու դուր է գալիս այն փաստը, որ ունի երկրպագուներ, շատերը դա բարձրաձայնում են, շատերը՝ լռում, ուղղակի կարևոր է նաև թե նրանք ինչ են տալիս քեզ, հաճախ նեգատիվ էմոցիաներ, որոնք քեզ իհարկե խանգարում են, բայց սրա կողքին կան պոզիտիվները։ (Պոզիտիվ ժպիտ)
-Սոցկայքերում ակտիվ եք, լուսանկարներ և գրառումներ հաճախ ենք տեսնում, ինչ եք կարծում, սա հարթա՞կ է ինքնադրսևորման։
-Այո, սա ինքնաարտահայտվելու միջոց է, որը ես օգտագործել և օգտագործում եմ ու կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գիտեն այն օգտագործելու ճիշտ մեխանիզմները, նրանք նույնպես համակարծիք են։
– Ժամանակին, ժամանակ եք գտել նաև սպորտի համար, նախասիրություն, թե՞ հստակ ուղվածություն։
-Սպորտով զբաղվել եմ դեռ մանկուց, տարբեր տեսակ մարտարվեսներով՝ պրոֆեսիոնալ մակարդակով և երբ հասավ այն տարիքը, որից թույլատրելի էր զբաղվել կուլտուրիզմով, այդպես էր կոչվում, այդ ժամանակ ես տասներեք- տասնչորս տարեկան էի, երբ ճանաչեցի իմ մարզչին, հաակացա, որ ուզում եմ հասնել իրեն, նա դարձել էր իմ տղամարդու իդեալը, որովհետև կուլտուրիզմով զբաղվող մարդիկ տարբերվում էին, դա մի ուրիշ աշխարհ էր ինձ համար, այստեղ հոգևոր, մտավոր և մարմնի զարգացումը համատեղ էր, ինչը ստիպում էր ավելի շատ սիրել ու զբաղվել դրանով։ Հաճախ իմ աշակերտները հարցնում են, թե ինչպես անել լավ մկաններ ունենալու, ուժեղ լինելու, մեծ երևալու համար, պատասխանում եմ, որ ինչքան ինքդ քեզ «փոքրացնում» ես, այնքան ավելի «մեծ» ես դառնում։
-Էկրանից այս կողմ ի՞չ եք կարևորում ու արժևորում։
-Փորձում եմ օրինակ լինել սերնդի համար, ոչ թե «սիրուն» կամ «ուժեղ» տղա երևալ, ով ինքն իրեն է ցուցադրում, կարծում եմ սա շատ խորքային խնդիր է։
-Հայկ Միրզոյանը այս ամենի հետ մեկտեղ հասցնու՞մ է անձնական կյանքով զբաղբելու։
-Անձնական հարցերը ինձ մոտ մի փոքր բարդ ու խճճված է ստացվում, բայց Ժամանակ, իհարկե, միշտ կարելի է գտնել։ (Սրտաբուխ ժպիտ)