Առավոտյան զորավոր աղոթք
Ամենակալ Տեր, թող իմ մեղքերը:
Ներիր Տեր, որ անիրավությամբ եմ վարվել Քո շնորհած տնտեսության հետ` ինձ տեր կարծելով:
Եթե երբևէ իմ մասին ամբաստանություն հասնի Քեզ և Դու պահանջես իմ տնտեսության հաշիվը, ապա ես չեմ հարցնի, թե ով էր, որ ինձ ամբաստանեց Քո առջև,
այլ կխնդրեմ Քո ներողամտությունը և ողորմությունը իմ հանդեպ, քանի որ տնտեսությանդ մեջ ինձ տեր կարծեցի, ոչ թե տնտես:
Ամենակալ Տեր, ողորմիր բոլորին, ողորմիր և ինձ, որովհետև չկարողացա այս ժամանակավոր տնտեսությունը ծառայեցնել հավիտենական բարիքներ ժառանգելու համար:
Քո միջամտության կարիքն ունեմ կյանքիս մյուս կեսը կողմնորոշված ապրելու և Քո աստվածային առաքինություններով շարժվելու դեպի վեր` հավատքի զորության,
դեպի իմ անձը` հույսի մխիթարության, և դեպի մերձավորը` սիրո անհրաժեշտության համար:
Միտքս պահիր արդարության մեջ, հոգիս` խնդության և մարմինս` հնազանդ մտքիս ու հոգուս:
Իմաստություն եմ խնդրում Քեզնից Տեր, այս բոլորը հասկանալու, գնահատելու և պահելու համար:
Ավաղ, ավաղ, և եղուկ ինձ , որ կյանքիս մայրամուտին տեսա Արևի լույսը:
Բայց լիահույս եմ, որ կլինի պայծառ առավոտ և մշտապես կտեսնեմ հավիտյան լույսը և կզգամ նրա ջերմությունը:
Ամենասուրբ Երրորդությանդ Փառք, Պատիվ և Երկրպագություն հավիտյանս հավիտենից:
Ամեն: