Ամեն մեկին, ով կանի այն, ինչ իրեն ասում է Քրիստոս, անհնարինը հնարավոր կդառնա. քնելուց առաջ մտածենք
«Նա ինչ որ ասի ձեզ, արե՛ք»:
(Հովհաննես 2:1-12)
Գալիլիայի Կանա քաղաքում, հարսանիքի ժամանակ Քրիստոս կատարեց Իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձրեց։ Հրաշքը տեղի ունեցավ Աստվածածնի խնդրանքով, երբ վերջինս դիմեց Քրիստոսին և ասաց. «Գինի չունեն»:
Մարդկանց սրտերը փափագում էին ուրախության, իսկ գինին սպառվել էր: Քրիստոս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: Իսկ Աստվածամայրը ուղղակիորեն չպատասխանեց, այլ սպասավորներին ասաց. «Նա ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:
Աստվածամայրը Քրիստոսի հարցին պատասխանում է կատարյալ հավատի դրսևորմամաբ: Նա անսահման հավատում էր Որդու իմաստությանը, Նրա սիրուն, Նրա աստվածությանը: Սա Ավետարանի միակ հատվածն է, որտեղ Աստվածածինը պատգամ է տալիս. «Քրիստոս ինչ որ ասի ձեզ, արե՛ք»։ Ամեն մեկն, ով կանի այն, ինչ իրեն ասում է Քրիստոս, Աստծո Արքայությունը կբացվի և անհնարինը հնարավոր կդառնա:
Տեր Եսայի քահանա Արթենյան