Քրիստոսի զորությունը
Թեև անօգուտ է պարծենալը, բայց ես պիտի պարծենամ՝ պատմելով ձեզ այն տեսիլքների և հայտնությունների մասին, որ Տերը տվեց ինձ։ Պիտի պարծենամ իբրև մի քրիստոնյա, որ տասնչորս տարի առաջ հափշտակվեց մինչև երկնքի բարձունքը՝ չգիտեմ մարմնո՞վ, թե՞ հոգով. Աստվա՛ծ գիտի։ Հափշտակվեց մինչև դրախտ, կրկնում եմ՝ մարմնո՞վ, թե՞ հոգով, չգիտեմ. Աստվա՛ծ գիտի, և լսեց անպատմելի բաներ, որ մարդկանց թույլատրված չէ խոսել։ Ահա այդ փորձառությամբ պիտի պարծենամ և ոչ թե ինձնով։
Գալով իմ անձին՝ պիտի պարծենամ միայն իմ տկարություններով։ Եթե տակավին ուզենայի, կարող էի պարծենալ և հիմարի մեկը եղած չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած պիտի լինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկը ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան կարող է ունենալ տեսնելով գործերս կամ լսելով խոսքերս։
Մյուս կողմից, որպեսզի իմ ունեցած բացառիկ հայտնություններով չհպարտանամ, Աստված փշի նման ծակող մի ցավ տվեց մարմնիս, որ ասես Սատանայի ներկայացուցիչը լիներ մարմնիս մեջ, որպեսզի դրանով զգաստացնի ինձ, և ես չհպարտանամ։ Այդ ցավի համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացնի ինձնից։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ»։ Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը։
Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 12:1-9