«Մեր մանկապարտեզում փոքրիկները դաստիարակվում են ազգային ու հայրենասիրական ոգով»
«Ես 23 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի մանկապարտեզ՝ որպես երաժշտության դաստիարակ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ. սովորել եմ Երգի պետական թատրոնի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ դարձյալ ժողովրդական երգեցողության բաժնում: 2005 թվականից մինչ օրս երգում եմ Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբում: Պետք է շեշտեմ՝ երբ ուսանում էի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, դրա հետ մեկտեղ՝ աշխատում էի նաև մանկապարտեզում: Հարկ է խոստովանել՝ փոքրիկների հետ աշխատելն, իսկապես բարդ է, բայց, այդուհանդերձ, ես սիրում եմ իմ աշխատանքը և դրանից մեծ բավականություն եմ ստանում», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մանկապարտեզի երաժշտության դաստիարակ Լենա Պողոսյանը:
Վերջինս շեշտեց՝ փոքրիկների հետ աշխատող յուրաքանչյուր մարդ պետք է համբերատար լինի ու պատրաստ լինի նրանց տալ իր անսահման սերը. երբ երեխաները իրենց սիրված են զգում, նրանց հետ աշխատելն անհամեմատ ավելի դյուրին է դառնում:
«Երբ սկզբում աշխատանքի անցա, բնականաբար, մտավախություն ունեի, որ, գուցե, չկարողանամ բոլոր երեխաների հետ լեզու գտնել, աշխատել նրանց հետ, բայց մեր մանկապարտեզի անձնակազմը, մանկապարտեզի տնօրենը՝ կառավարման բարձր որակներ ունեցող Նեկտար Սարդարյանը իրենց խորհուրդներով ինձ շատ օգնեցին, և, հավատացե՛ք՝ կարճ ժամանակում իմ և մանկապարտեզի սաների միջև ամուր կապ ստեղծվեց: Երբ միջոցառումներ ենք կազմակերպում, փոքրիկները չեն զլանում նոր երգեր, բանաստեղծություններ սովորել: Սովորաբար տոների՝ գարնան առաջին օրը, Զատկին, հաղթանակի օրը, մայրության և գեղեցկության օրը մեզ մոտ այսպես ասած՝ տոնական են լինում. միջոցառումներ ենք կազմակերպում: Պետք է շեշտեմ, որ մեր մանկապարտեզում փոքրիկները դաստիարակվում են ազգային ու հայրենասիրական ոգով, երգում են ու պարում ազգային երգեր ու պարեր», – նշեց Լենա Պողոսյանը:
Զրույցի ընթացքում Լենա Պողոսյանը հիշեց գերմանացի հայտնի փիլիսոփայի խոսքերը. «Գերմանացի մեծ փիլիսոփան ասում էր՝ յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է: Իմ աշխատանքի ընթացքում բազմիցս համեզվել եմ դրանում: Իսկապես, փոքրիկներից շատ բան կարելի է սովորել և ինչո՞ւ չէ, մանկանալ նրանց հետ: Գիտե՞ք՝ վատ երեխաներ չկան, պարզապես կան որոշ փոքրիկներ, որոնք հետ աշխատելը մի փոքր ավելի բարդ է, բայց բոլոր երեխաների հետ էլ կարելի է լեզու գտնել, իսկ երբ այսպես ասած՝ փոքրիկ կոնֆլիկտներ են լինում, դրանք կարելի է արագորեն հարթել, չէ՞ որ փոքրիկները հիշաչար չեն լինում», – նշեց Լենա Պողոսյանը:
Վերջինս շեշտեց՝ դեմ է այն արտահայտությանը, թե երբեմն ծեծը կարելի է դարձնել դաստիարակության բաղադրիչ՝ հօգուտ երեխայի բարօրության:
«Ծեծը երբեք չի կարելի դաստիարակության բաղադրիչ դարձնել: Փոքրիկները երբմեն ավելի խոհեմ են լինում, քան մեծահասակները: Ընդամենը պետք է զրուցել նրանց հետ, բացատրել իրավիճակը, այսպես ասած՝ մի քիչ հոգեբան լինել, հարկ եղած դեպքում համոզել և ամեն ինչ իր տեղը կընկնի», – եզրափակեց Լենա Պողոսյանը: