Պարարտանյութի ներկրման հետ կապված՝ խնդիրներ կա՞ն
Կառավարությունն նիստերից մեկի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի 19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից։
«Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք», – նշել էր վարչապետը։
Ինչպես հայտնի է, որոշ մասնագետներ պնդում են՝ պարարտանյութի ներկրման ու գյուղացուն հասցնելու հետ կապված՝ ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ավելին՝ կան համայնքներ, որոնք պարարտանյութ չեն ստանում:
Անդրադառնալով վերը նշված թեմային՝ Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը նշեց՝ երկու ամիս առաջ իրենց համայնքում հայտարարել են, և գյուղացիների մեծ մասը արդեն ցուցակագրվել է ՝ պարարտանյութ ստանալու համար:
«Ցուցակներին նայելով՝ կարելի է ասել՝ գյուղացիները միջինը 5-7 պարկ պարարպանյւթ են պատվիրում, բայց կան մարդիկ, ովքեր պատվիրում են շուրջ տասը պարկ պարարտանյութ. դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ գյուղացու հողատարածքը որքան է», – նշեց համայնքապետը:
Վերջինս շեշտեց՝ ոչ մի խնդիր չի առաջանում պարարտանյութ պատվիրելու ու ստանալու գործընթացի արդյունքում, միայն թե, գյուղացիները պետք ճիշտ ժամանակին գնան համայնքապետարան ու ցուցակագրվեն:
«Ցուցակագրումն արդեն ավարտվել է: Մենք այն ուղարկել ենք. առաջիկայում պարարտանյութ կստանանք ու կբաժանենք: Ու, եթե հիմա մի գյուղացի գա ու ասի, որ ինքն էլ է պարարտանյութ ուզում, բնականաբար, խնդիր կառաջանա, քանի որ, ինչպես նշեցի, հայտարարում ենք, գյուղացիներին նախապես տեղեկացնում, որ ցուցակագրվեն նախապես», – եզրափակեց Այգեպատի համայնքապետը: