Ավելի քան 90 մարդ է տորնադոյի զոհ դարձել ԱՄՆ-ում /վիդեո/
Ջերմաստիճանի տատանման հետեւանքով ԱՄՆ-ի կենտրոնական մասերում, մասնավորապես` Այովա, Կանզաս եւ Օկլահոմա նահանգներում վրա է հասել շուրջ 20 տորնադո, գրում է “Комсомольская правда”-ն:
Նոր աշխարհում տորնադոները սովորական երեւույթ են, սակայն աղետը մարդկանց հանկարծակիի է բերում, քանի որ տորնադոյի առաջացումը գրեթե անհնար է կանխատեսել: Ավերիչ մրրիկը հզոր ուժով մի քանի վայրկյանում է առաջանում:
Փրկարարական ջոկատներն անմիջապես զգուշացրել են մարդկանց լքել տները եւ տեղավորվել հատուկ ապաստարաններում: Օդանավակայաններում անմիջապես հետաձգվել են չվերթները: Այնուամենայնիվ, զոհերից խուսափել չի հաջողվել: Վերջին տվյալներով` ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 27-ը երեխաներ են:
Տորնադոն նաեւ մեծ ավերածություններ է պատճառել: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա: