Հալեպում հայ զինծառայող է զոհվել
Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է:
Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթակվում են հրթիռակոծման:
Խմբավորումները փորձ են անում թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց փորձերը:
Բնակչությանը հանձնարարված է մնալ բնակարանների առավել ապահով և պատուհաններից հեռու սենյակներում, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ վտանգներից: