06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ֆորմուլա-1». Ադրբեջանը գովազդելու համար անիմաստ ջանքեր գործադրվեցին

Ադրբեջանում մեկնարկել են «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները։ Իշխանություններն անում են հնարավորինս՝ «Ֆորմուլա-1»-ի շնորհիվ երկրի գովազդն ապահովելու և երկրում առկա իրավիճակը դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Սակայն միջազգային կազմակերպություններն ահազանգում են այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածային ոտնահարվում են, ուստի այդ երկրում նման լայնամասշտաբ միջոցառման իրականացումն անթույլատրելի է:

Անդրադառնալով «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումներին հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգաէրտը հայտնել է. «Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու այլախոհությունը ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է «Ֆորմուլա 1»-ի պես սպորտային միջոցառումն օգտագործել իրեն որպես ժամանակակից և բարեսիրտ իշխանություն ներկայացնելու համար:  Բաքու ժամանող լրագրողներին և կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում մրցումների փայլից բացի ուշադրություն դարձնել իշխանությունների ճնշող քաղաքականության, անհիմն ձերբակալված ավելի քան 80 քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների վրա»:

Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան The Washington Post թերթում տպագրված հոդվածում գրում է. «Բաքվում իրականացվող «Ֆորմուլա- 1»-ի կապակցությամբ Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը, Էնրիկե Իգլեսիասն ու նրանց նմանները հրավիրվել են մրցարշավի երկրպագուներին զվարճացնելու, ինչպես նաև Ալիևների ղեկավարած երկիրը որպես երջանիկ ու նորմալ ազգ ներկայացնելու համար: Սակայն Ադրբեջանը կոռուպցիայով առաջնորդվող մի երկիր է, որտեղ պաշտոնյաներին կարելի է գնել ու վաճառելև  հանուն մեծ գումարների աչք փակել հանցավորության վրա»: Խադիջայի խոսքերով՝  իշխանությունները Ադրբեջանն աշխարհին որպես լիբերալ ու բազմակարծությունը խրախուսող երկիր ներկայացնելու հուսահատ փորձեր են անում, սակայն այդ ամենը զավեշտալի է ու հակասում է քաղբանտարկյալների նման մեծ թվին:

Իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը գրել է, որ, չնայած Բաքվում իրականացվող «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավին, չպետք է ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակից: Amnesty-ի տվյալներով, երկրում մոտ 14  «խղճի բանտարկյալ» կա, միգուցե և ավելի, որոնց թվում կառավարությանը քննադատողներն են ու արտասահմանում ընդդիմադիր գործունեություն ծավալող մարդկանց ազգականներն են:

Human Rights Watch  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս անդրադարձել է Ադրբեջանում «Ֆորմուլա-1»-ի մրցումներին ու նշել է, որ 2014թ. ի վեր Ադրբեջանի իշխանությունները տասնյակ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների են ձերբակալել, որպեսզի լռեցնեն նրանց, ովքեր իրենց օրինական գործն են կատարում՝ ներկայացնելում երկրում առկա իրավիճակը:

Ադրբեջանցի անկախ փորձագետների կարծիքով՝ զբոսաշրջիկներ ներգրավելու համար բավարար չէ միայն զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումներ անցկացնելը, պետք է նաև չեղարկել վիզաները, ստեղծել ոչ թանկարժեք հյուրանոցների ենթակառուցվածք, այլ ոչ շքեղ ու թանկ հյուրանոցներ։ Պետք է բարձրացնել երկրի հեղինակությունը երկրի սահմաններից դուրս, որը վերջին տարիներին միջազգային լրատվամիջոցներում հիշատակվում է որպես մարդու իրավունքների խախտման «օրրան»:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ակնհայտ է, որ Ադրբեջանը «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի Գրան պրիի մրցումները ի շահ երկրի ծառայեցնելու ու երկիրը գովազդելու փոխարեն, առիթ հանդիսացան երկրում առկա իրավիճակը միջազգային կազմակերպությունների կողմից հերթական անգամ բարձրաձայնելու համար:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ