Սոֆին կասկածում է` ինչ սպասել “Եվրատեսիլից”
Երգչուհի Սոֆի Մխեյանը Henaran.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ”Եվրատեսիլ 2013”-ի լավագույն չորս երգերից միայն հաղթած ”Lonely Planet” երգին է ծանոթ: ”Պետք է խոստովանեմ, որ մյուսները չեմ լսել, հաղթած երգն եմ լսել հաջորդ օրը:
Դժվար է պատկերացնել` արդյոք համապատասխանում է ”Եվրատեսիլի” չափանիշներին, քանի որ այդ չափանիշներն անընդհատ փոփոխվում են: Մի անգամ կարող է մի այնպիսի երգ հաղթել, որ ոչ մեկս չէինք մտածի, որ սա կարող է լինել հաղթող, կարող է և այնպիսի ոճի մեջ լինել, որ լինի հետաքրքրիր ու հաղթող”,-ասաց Սոֆին:
Վերջինս նշեց, որ ամեն դեպքում եթե ուսումնասիրենք երգը, կարող ենք ասել, որ համապատասխանում է մրցույթի պայմաններին:
”Երգն ինչ-որ առումով “Եվրատեսիլի” ֆորմատին համապատասխանում է, հիշվող կրկներգ ունի, եվրատեսիլյան թեթևությամբ է ու լավ վոկալով, հետաքրքիր մատուցմամբ, որ երգեն, ամեն ինչ շատ լավ կլինի: Իսկ Գոռն ու ”Դորիանսը” կարողանում են գեղեցիկ մատուցել”,-կարծում է երգչուհին:
”Գոռն իմ ընկերն է, միշտ քննարկում ենք և մաղթում եմ նրան, որ լինի այնպիսին, ինչպիսին որ ինքը կա: Ես վստահ եմ, որ ունենալու է լավ ելույթ և մնացածը հանդիսատեսը պիտի որոշի: Վստահ եմ, որ հայերը կհամախբվեն ու անպայման կքվեարկեն, ու մենք կլինենք լավագույն հորիզանականում”:
Հարցին, թե ինչ խորհուրդ կտա Գոռին, Սոֆի Մխեյանը պատասխանեց. ”Ինքը եղել է այդ բեմում, թեկուզև բեկ-վոկալ, և գիտի ամենը: Ինքը միշտ զերծ է մնում բոլոր թեմաներից, խոսակցություններից և իր կատարումների վրա է ուշադրություն դարձնում, հիմա էլ պիտի այդպես անի, իսկ մենք էլ իր կողքին ենք”: