26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահքային կերակուրների բաղադրատոմսեր

Գունավոր աղցան

Անհրաժեշտ է`

1-2  հատ միջին չափի բազուկ

4-5 հատ գազար

1 հատ սոխ

1 բուռ մանրած ընկ

1 փոքր բանկա կանաչ ոլոռույզ

աղ, կարմիր ու սև բիբար, ձեթ

Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Ստացվում է գեղեցիկ, գունավոր, համեղ ու հագեցնող ուտեստ:

Համոս

Մեկ կիլոգրամ սիսեռը 1 օր թրջել սառը ջրում, հետո կեղևազրկել և եփել: Եփելուց հետո ավելացնել աղ, քամել և թողնել սառչի: Հետո աղալ և լցնել բլենդերի մեջ, որտեղ հարել մեկ բանկա թահինի, 0.5 լիտր մածունի (ոչ պահոց շրջանում, իսկ պահքի ընթացքում կարելի է այն չավելացնել), 2 բաժակ չզտված ձեթի, 2 թ.գ քիմիոնի, 5-7 պճեղ սխտորի և 2 հատ քամած կիտրոնի հյութի հետ: Մատուցելիս վրան ավելացնել մի փոքր ձեթ և կարմիր պղպեղ:

Ոսպով կոտլետ


Ոսպը 1 օր նախապես թրջում ենք սառը ջրում, հետո քամում ջուրը և մսաղացով աղում` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ: Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ:

Դդումով սոուս


Մանրացրած սոխը և գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած դդում և շարունակել տապակել: Նույն չափի խորանարդաձև կտրատել կարտոֆիլը և ավելացնել դդումի վրա: Խառնել և թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթևակի ծածկի բանջարեղենը: Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սև պղպեղ և կանաչի ըստ ցանկության:

 

Դդումով և բրնձով փլավ


Դդումը կտրատել մանր խորանարդների ձևով և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել բրինձ, ընկույզ և սև սալորաչիր ըստ ցանկության: Ավելացնել եռացրած ջուր և եփել ցածր կրակի վրա: Վերջում ավելացնել աղ, սամիթի սերմ, շաֆրան և թարմ կտրտած սամիթ:

Ձիթապտղով և բրնձով փլավ



Ձիթապտուղը տապակել բուսայուղի մեջ այնքան, որ սմքեն, հետո ավելացնել բրինձը և եռացրած ջուրը, եփել ինչպես սովորական փլավը:
Սիրով և խոնարհությամբ` Ս.Ա.

 Բանջարեղենից դոլմա

 

Անհրաժեշտ մթերքները՝

1կգ կարտոֆիլ
2գլուխ սոխ
4ճ/գ տոմատի մածուկ
1թ/գ կարմիր պղպեղ
1թեյի բաժակ բուսայուղ
2 ճաշի գդալ չորացրած ռեհան
2կգ կաղամբ
աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը մաքրել եւ բաժանել խորանարդների:Սոխից սոխեռած պատրաստել՝ ավելացնելով կանաչին , տոմատի մածուկը եւ աղը: Ստացված զանգվածը ավելացնել կարտոֆիլին եւ խառնել:Փաթաթել խաշած կաղամբի տերեւներով,վրան լցնել տոմատաջուր այնքան, որ ծածկի դոլմաները, եւ եփել :

Անուշ լինի

Հովհաննիսյան Ասյա

Ոսպով խիտ ապուր

Անհրաժեշտ է`

2 բաժակ ոսպ

1 ճաշի գդալ քացախ

1 հատ փոքր կարմիր սոխ

ձեթ

աղ

կծու կարմիր բիբար

Ոսպի վրա առատ ջուր լցնել ու դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել քացախը ու եփել: Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնել:  Ոսպը եփել այնքան, որ ստացվի ոչ շատ ջրով թանձր ապուր: Ավելացնել աղն ու կծու կարմիր բիբարը:

Սոխը շատ մանր կտրտել և առանձին ձեթով սոխառած անել: Լցնել ոսպի վրա, խառնել և մատուցել գերադասելի է սև հացով:
Լոբիով և լոլիկով աղցան
 

  • 500 գր. լոբի
  • կես բաժակ ջուր
  • 5 լոլիկ
  • մաղադանոս
  • 2 ճ. գդալ բուսական յուղ

Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Շոգեխաշած կաղամբ

  • 4-5 միջին չափսի սոխ
  • 1 միջին չափսի կաղամբ
  • 1-2 ճ/գ տոմատ
  • 2-3 թ/բ ջուր
  • Ձիթայուղ
  • Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:

Թաբուլե

300 գր. խոշոր բլղուր

  • 3-4 հատ լոլիկ

    1 կապ մաղադանոս

  • 1 կապ սոխ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1 թ. գդալ չաման
  • 2 ճ. գդալ մանրացրած նանե
  • կես կիտրոնի հյութ
  • 2 թ. գդալ ձեթ

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

 

Ժենգյալով հաց 

100 գ գնձմնձուկ
100 գ ճռճռուկ
25 գ խազազ (վայրի սոխ)
25 գ եղինջ
համեմ
սամիթ
կանաչ սոխ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը
Կանաչիները ընտրել, մաքրել, լավ լվանալ, քամել: Հետո մանր կտրատել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, չորացրած սամիթ, պատրաստի սոխեռած կամ բուսական յուղ՝ ըստ ցանկության:

Նախապես հունցել խմորը. 1 կգ ալյուրին՝ 1 թեյի գդալ խմորիչ, 1 թեյի գդալ աղ, ջուր այնքան, որ խմորը ձեռքերին չկպչի: Թողնել, որ հասունանա: Խմորը բաժանել փոքր գնդերի: Յուրաքանչյուր գունդը երկարավուն էլիպսաձև բացել, լցնել կտրատած կանաչիները, խմորի եզրերը միացնել, տափակեցնել: Երկու կողմից հավասարաչափ թխել նախապես տաքացրած տապակի մեջ՝ մարմանդ կրակի վրա:

Տորթ «Սնանկ»

1 թեյի բաժակ մուգ թեյ
1 սուրճի բաժակ մուրաբա
1 սուրճի բաժակ ձեթ
շաքարավազ (ըստ ճաշակի)
1 թեյի գդալ սոդա
1 ճգ քացախ
1.5 թեյի բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը
Պատրաստել 1 թեյի բաժակ մուգ թեյ, որին ավելացնել 1 սուրճի բաժակ մուրաբա, 1 սուրճի բաժակ ձեթ, շաքարավազ, 1 ճաշի գդալ քացախի մեջ լուծված 1 թգ սոդա, ապա 1.5 բաժակ ալյուր: Ավելացնել պոպոք և ալյուր ըստ ճաշակի: Թխել նախապես տաքացված ջեռոցում ՝ 180-200C:
Անահիտ Չոբանյան

Բուլկի

1 կգ ալյուր
1 ճգ խմորիչ
1 սուրճի բաժակ բուսական յուղ
3 ճգ շաքարավազ
3 ճգ մեղր
ջուր

Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել սեղանի վրա, փոս բաց անել, փոսի մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, ջուրը: Թողնել, որ խմորիչը բացվի, ավելացնել բուսական յուղ, այնքան ջուր, որ ստացվի կպչուն, միջին պնդության խմոր: Թողնել, որ խմորը բարձրանա: Ձեռքերը թեթև թաթախել բուսական յուղի մեջ և հունցել խմորը: Թողնել, որ հանգստանա: Գործողությունը կրկնել 2 անգամ: Հետո խմորը բաժանել մանր գնդերի, ձևավորել ըստ ճաշակի, դասավորել թիթեղի վրա, թողնել հասունանա փակած ցելոֆանի տակ: Թխել ջեռոցում: Երբ պատրաստ լինի, հանել բուլկիները, վրան տաք-տաք վիճակում հատուկ խոհարարական վրձինով քսել մեղրը, 2-3 րոպե նորից դնել ջեռոցը, հանել, թողնել սառչի, մատուցել:

 Բուլկի չամիչով                

0.5 կգ ալյուր
200 գ չամիչ
100 գ շաքարավազ
1 ճգ խմորիչ
1 սուրճի բաժակ բուսական յուղ
ջուր

Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել սեղանի վրա, ավելացնել չամիչը, խառնել, ապա փոս բաց անել, փոսի մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, ջուրը, թողնել, որ խմորիչը հասունանա, հետո ավելացնել բուսական յուղ, այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր: Ձեռքերը թեթև թաթախել բուսական յուղի մեջ և հունցել խմորը: Նախօրոք յուղոտած թիթեղի վրա բացել խմորը, փակել ցելոֆանով: Երբ խմորը հասունանա, դնել ջեռոցը և թխել:

Խավիծ

Ալյուրը մաղել, բովել տապակի մեջ մինչև վարդագույն դառնալը, ընթացքում ավելացնել բուսական յուղ: Ապա վերցնել կրակից, թողնել սառչի: Կամաց-կամաց ավելացնել սառը ջուր այնպես, որ ստացվի միատարր զանգված: Դնել մարմանդ կրակի վրա, ավելացնել շաքարավազ և անընդհատ խառնելով եփել մինչև խտանա: Լցնել ափսեյի մեջ և մատուցել:
Կարելի է ավելացնել նաև մանրացրած ընկույզի միջուկ:

Եղինջով ապուր

100 գ եղինջ
1 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 սուրճի բաժակ բրինձ
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած: Վրան ավելացնել եռջուր, կտրատած կարտոֆիլ, լվացած բրինձ: Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել լվացած և կտրատած եղինջ, աղ, պղպեղ անել:

Ավելուկով ապուր

1 կապ ավելուկ
200 գ գլուխ սոխ
1 ճգ ալյուր
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, խառնել, ավելացնել ջուր, աղ անել, թողնել եփվի՝ մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել ապուրի ջրով բաց արած ալյուր: Եփել մինչև ալրահամը անցնի:

Ավելուկով և բլղուրով ապուր

1 կապ ավելուկ
200 գ գլուխ սոխ
200 գ բլղուր
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, ջուր, աղ, պղպեղ անել, եռալուց հետո ապուրին ավելացնել բլղուր, եփել մարմանդ կրակին մինչև պատրաստ լինելը:

Ավելուկով ոսպապուր

Չորացրած ավելուկը (կես կապ) լվանալ գոլ ջրում, մանր կտրատել: Եռացող ջրի մեջ լցնել ավելուկը, կես բաժակ մաքրած, լվացած, կիսաեփ արած ոսպը, մանր կտրատած կարտոֆիլը և սալորաչիրը: Առանձին 1 ճգ ալյուրը բացել սառը ջրով այնպես, մինչև դառնա միատարր զանգված և ավելացնել ապուրին՝ անընդհատ խառնելով: Ապա ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրարած սխտոր (ըստ ցանկության) և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց 5 րոպե առաջ ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը:

Ավելուկով բրնձապուր 

Կես կապ ավելուկ
1 սուրճի բաժակ բրինձ
1-2 գլուխ սոխ
1 կարտոֆիլ
սալորաչիր
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Չորացրած ավելուկը լվանալ գոլ ջրում, ապա կտրատել, լցնել եռացող ջրի մեջ և եփել մինչև կիսաեփ լինելը: Այնուհետև ավելացնել 1 սուրճի բաժակ բրինձ, մանր կտրատած կարտոֆիլ, սալորաչիր, աղ, պղպեղ անել և եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը և մանր կտրատած համեմ:

Հատիկավոր լոբով ապուր

1 բաժակ կարմիր լոբի
1 գլուխ սոխ
2 պճեղ սխտոր
¼ բաժակ ընկույզի աղացած միջուկ
համեմ
աղ
կարմիր կծու պղպեղ՝ ըստ քիմքի
բուսական յուղ
1 աղանդերի գդալ ալյուր

Պատրաստման եղանակը
Լոբին լցնել սառը ջրի մեջ և եփել մինչև պատրաստ լինելը: Եփած լոբու մի մասը հանել, տրորել և նորից լցնել լոբաջրի մեջ: Սոխը մանր կտրատել, առանձին տապակել բուսական յուղով: Քիչ լոբաջրով բացած ալյուրը՝ անընդհատ խառնելով, լցնել ապուրի մեջ: Հետո ավելացնել պատրաստի սոխեռածը, ճզմած սխտորը, աղը, համեմը, ընկույզի միջուկը: 5 րոպե եռացնել և կրակից վերցնել: Ստացված ապուրը պետք է լինի թանձր:

Ոսպով ապուր

1 բաժակ ոսպ
1 գլուխ սոխ
1 կարտոֆիլ
1 ճգ ալյուր
տոմատի մածուկ
բուսական յուղ
աղ
սև պղպեղ
համեմ

Պատրաստման եղանակը
Մաքրած ոսպը եփել աղաջրում: Կարտոֆիլը կտրատել և լցնել ոսպապուրի մեջ: Բուսական յուղով առանձին պատրաստել սոխեռած, ավելացնել տոմատի մածուկ, խառնել և լցնել ոսպապուրի մեջ: Ալյուրը քիչ ոսպաջրով բացել և լցնել ապուրի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացնել պղպեղ, կտրատած համեմ:

Սնկապուր

100 գ չորացրած (կարելի է օգտագործել նաև թարմ կամ պահածոյացված) սունկ, 1 գլուխ սոխ, 1 սուրճի բաժակ բրինձ, բուսական յուղ, աղ, պղպեղ, մաղադանոս:

Պատրաստման եղանակը
Սունկը ընտրել, լվանալ, 3-4 ժամ պահել աղաջրում, ապա քամել, լցնել ջրի մեջ և խաշել: Եփելուց հետո ջրքամել, մանր կտրատել և նորից լցնել արգանակի մեջ: Ապա ավելացնել բրինձը, աղը, պղպեղը, նախօրոք պատրաստած սոխեռածը: Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանր կտրատած մաղադանոս:

Չամչարակ

Վերցնել հավասարաչափ՝ ծիրանաչիր, չորացրած թութ, չամիչ: Ընտրել, լվանալ, խառնուրդի վրա եռջուր լցնել և եփել 20-25 րոպե: Հետո ավելացնել շաքարավազ, դարչին (ըստ համի) և մարմանդ կրակին թողնել մինչև եռալը: Մատուցել սառը:

Սպանախով և բրնձով ապուր

100 գ բրինձ
300 գ սպանախ
կարտոֆիլ
բուսական յուղ
աղ
պղպեղ
համեմ

Պատրաստման եղանակը
Բրինձը կիսաեփ անել աղաջրում: Մաքրած կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով և լցնել բրնձի վրա: Ավելացնել պատրաստի սոխեռածը, պղպեղը և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ լցնել լվացած, կտրատած սպանախը և համեմը:

Քրչիկ

0.5 կգ թթու դրած կաղամբ
կես բաժակ բլղուր
4-5 գլուխ սոխ
բուսական յուղ
չորացրած խառը կանաչի
կարմիր պղպեղ
տոմատի մածուկ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, ավելացնել բարակ կտրատած կաղամբը, բլղուրը, մանրացրած կանաչին, կարմիր պղպեղը, տոմատի մածուկը՝ ըստ ցանկության: Ավելացնել ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 2-3 ժամ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կարտոֆիլ:

Շարունակելի

Աղբյուրը` qahana.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ