Ինչ է ասում Աստվածաշունչը կնոջ մասին
Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները: Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին: Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը, եւ համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար: Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ:
Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտարակի վրա, այնպես էլ երեսի գեղեցկությունն է հանդարտ հասակի վրա: Ինչպես ոսկեղեն սյուներն են արծաթեղեն խարսխի վրա, այնպես էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրա: Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կա մի երրորդ բան, որից իմ մեջ ցասում առաջացավ:
Դրանք են` պատերազմող մարդը, որն աղքատության պատճառով է թշվառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհված են: Բայց ով արդարությունից դառնում է դեպի մեղքը, Տերը նրա համար սուր է պատրաստում: Դժվար է թե վաճառականը խուսափի հանցանքներից, եւ պանդոկապանը արդարանա մեղքերից:
Սիրաքի իմաստություն 26- 16:28