ԱՄՆ-ում ջրհեղեղների հետեւանքով 40 հոգի է մահացել /վիդեո/
ԱՄՆ-ում տոռնադոյի ու ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի օրերին արդեն 40 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։
Վիճակը ծայրահեղ է հատկապես Տեխասի նահանգում։ Տոռնադոներն ու ջրհեղեղները մեծ ավերածություններ են գործել, տուժել են շենքերն ու եկեղեցիները, տապալվել են ծառեր: Ոստիկանության տվյալներով՝ Գառլանդում ավերվել են շուրջ 600 տարբեր շինություններ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ապաստաններ են կազմակերպում օթեւանից զրկվածների համար:
Դեկտեմբերի 27-ի առավոտյան Դալլասի շրջանում առանց էլեկտրականության էր մնում առնվազն 25 հազար մարդ: Առանձին վայրերում վնասվել են գազատարները: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Տեխասին եւ Օկլահոմային մոտենում է ուժեղ մրրիկ, որը կարող է բերել 40 սանտիմետրի հասնող ձյուն:
Տեխասից հյուսիս ընկած շրջանում հորդառատ անձրեւները լայնածավալ հեղեղումներ են առաջացրել:
Միսիսիպիում ամբողջովին ավերվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 400 տուն: