Lցոնումների վերաբերյալ կան ընդհանրական ահազանգեր
Նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ հանրաքվեից հետ իրականացված հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսիք են.
ա) մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
բ) ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):
Կան նաև ահազանգեր, հրապարակումներ
• հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու,
• ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու,
• լցոնումներ կատարելու,
• ընտրողներին ուղղորդելու,
• ընտրատեղամասերի մոտ անձանց և մեքենաների կուտակումների,
• ավտոմեքենաներով քվեարկողներին տեղամասեր տեղափոխելու մասին:
Կատարված վերլուծությունները վկայում են նաև, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան՝ ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են:
Սակայն ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են հիմք հանդիսանալ՝ քրեական գործ հարուցելու համար:
Օրինակ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս քվեարկել են» հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումը ընտրատեղամասում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել:
Հաղորդումների, հրապարակումների, ահազանգերի մի որոշ մասում, որպես դիտորդների լիազորությունների խոչընդոտում, ներկայացվել է ընտրողների ստորագրված ցուցակներին հետևելուն, դրանցում եղած տեղեկատավությանը ծանոթանալուն, լուսանկարելուն, տեսանկարահանումներին արգելք հանդիսանալը:
Համաձայն ընտրական օրենսգրքի` դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ամբողջ ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը (հոդված 6), իսկ ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածը (հոդված 11) սահմանում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: Բնական է, որ դիտորդի՝ նման «իրավունքի» խոչընդոտելն օրինական է և այստեղ խոչընդոտման մասին խոսք լինել չի կարող:
Օրինակ, 29/9 ՏԸՀ-ի նախագահը դիտորդներին արգելել է կատարել գրառումներ ընտրատեղամասի ցուցակից, ստորագրված ցուցակների նկարահանումներ չեն թույլատրվել նաև 30/28, 30/05, Գյումու 34/25, 34/04 և Կոտայքի 25/19 տեղամասերում:
Կան լցոնումների վերաբերյալ ընդհանրական ահազանգեր (14/21, 14/15, 37/13, 27/45, 28/16), սակայն այդ մասին հանձնաժողովների անդամների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ոչինչ չի նշվել, ընդհակառակը՝ հերքվել են:
Մեկ այլ հրապարակման մեջ նշվել է, որ Գյումրիում բռնություն է կիրառվել Մուշ թաղամասում տեղակայված 34/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի նկատմամբ: Լսվել են հանձնաժողովի անդամները և Վահագն Խաչատրյանը, ովքեր բացառել են նշված հանգամանքը. վերջինս նշել է նաև, որ ինքը որևէ լրատվամիջոցի չի ահազանգել:
Այս և նմանատիպ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին: