«Ամենախելացին» Երևանի էլիտար դպրոցից չէ
Henaran.am-ի զրուցակիցը «Ամենախելացին» հեռուստանախագծի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած և եզրափակչում հայտնված Վոլոդյա Մազմանյանն է: Վոլոդյան Երևանի էլիտար թանկարժեք կրթօջախի աշակերտ չէ. սովորում է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում: Փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն, աշխատասիրություն. սա է հաջողության գրավականը: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին:
-Վոլոդյա, ո՞րն էր նախագծի ամենահիշարժան պահը:
-Իհարկե, այն պահը, երբ հանձնեցին կրծքանշանը. մեկ քառորդ եզրափակիչը չափազանց բարդ ու լարված էր: Մինչև խաղի վերջ ամեն ինչ ինձ համար առկախ էր, անորոշ:
-Ինչպե՞ս ես վերաբերվում մրցակիցներիդ:
-Նրանց երբևէ չեմ թերագնահատել: Կարևորում եմ նաև բախտի, հաջողակ լինելու գործոնը:
-Հեռուստադիտողը անգամ ամենալարված պահերին քեզ մոտ տագնապի, անհանգստության նշաններ չնկատեց: Ինչպե՞ս կբացատրես:
-Անկեղծ ասած, և՛ հուզվում եմ, և՛ լարվում, սակայն տարօրինակ մի զորությամբ կարողանում եմ տիրապետել ինձ: Կիսաեզրափակիչ փուլում հուզմունքս գրեթե բացակայում էր, դա թերևս պայմանավորված էր նրանով, որ նախորդ փուլում արդեն կուտակված որոշակի փորձ կար: Անկեղծ ասած, ինքս էլ զարմացա, թե որքան արագ , հանգիստ էի արձագանքում, պատասխանում հարցերին կիսաեզրափակիչում:
Մտածում եմ, որ դպրոցում կարելի է կազմակերպել նմանատիպ խաղ՝ հիմքում ունենալով թե՛ համաշխարհային, թե՛ հայկական նմանատիպ նախագծերի փորձը՝ ստեղծագործական մոտեցմամբ:
-Ե՞րբ ես հասցրել այդքան գիտելիք կուտակել:
-Տպավորությունն այնպիսին է, թե ես միայն սովորում եմ, կարդում, բայց իրականում ունեմ բազմաթիվ հետաքրքրություններ: Սիրում եմ ֆուտբոլ . «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն եմ: Հաճույքով եմ մասնակցում դպրոցում կազմակերպվող միջոցառումներին:
Մեծ ոգևորությամբ մասնակցեցի «Պուշկինի մտքի և հոգու տիրուհիները» միջոցառմանը՝ ներկայացնելով 19-րդ դարի մտավորական ազնվականի տիպիկ կերպարը: Որքան ինձ հիշում եմ, մշտապես միջոցառումների, մրցույթների թոհուբոհում եմ եղել:
-Հաջողության գրավականը մեծ երազանք ունենալն է, մեծերն են այդպես ասում: Փոխվե՞լ են երազանքները:
-Մանկուց երազում էի բժիշկ դառնալ, բայց երկու տարի առաջ մտադրությունս կտրուկ փոխեցի և հիմա երազում եմ դառնալ դիվանագետ:
-Ինչո՞ւ դիվանագիտություն:
-Ուսումնասիրելով պատմության փորձը՝ հասկացել եմ, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է պետական մտածողություն, պետականությունը ամեն ինչից բարձր դասելու անհրաժեշտություն: Հասկացել եմ, որ հայը միշտ էլ եղել է լավ զինվոր, մտավորական, գիտնական, բայց դիվանագիտության մեջ ունեցել է բացթողումներ:
-Ի՞նչ ուղերձ ունես հասակակիցներիդ:
-Նրանք հետաքրքիր են, ինքնատիպ, բայց երբեմն պակասում է ձգտումը: Իմ հասակակիցներին կմաղթեի թեթև, բայց ոչ թեթևամիտ վերաբերմունք կյանքի նկատմամբ: