Բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն
Բարեկամ լինելու փոխարեն մի եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն: Քո հոգու խորհուրդների մեջ մի բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ:
Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին: Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախոս լեզուն մեծացնում է մտերմությունը: Ովքեր քեզ հետ խաղաղության մեջ են, թող մեծաթիվ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մեկը թող լինի: Եթե բարեկամ ես ձեռք բերում, փորձով ձեռք բեր նրան և իսկույն մի վստահիր նրան, քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը. բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում:
Բարեկամ էլ կա, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մոտ չի մնա նա քո նեղության օրը: Քո բարեկեցության ժամանակ քեզ նման կլինի և հանդուգն կվերաբերվի քո ծառաների հետ : Եթե սնանկանաս, նա քեզ հակառակ կլինի և կթաքնվի քեզնից: Հեռու մնա քո թշնամիներից և զգույշ եղիր բարեկամներից: Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան՝ գանձ է գտել:
Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը: Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և Տիրոջից երկնչողները միայն կգտնեն նրան: Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ մերձավորը: