Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը:
Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
«Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր օրեր էին: Գյուղում անհանգստություն կար, բայց լրիվ անցավ ու հիմա նշում ենք Լուսիկ տատի վերադարձը»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց կոթեցի Վարդիթերը:
Նրա խոսքով՝ Լուսինե Աբովյանն արդեն համապատասխան բուժզննություն է ստացել Իջևանի բժշկական կենտրոնում: Նրա վիճակը լավ է: Ինքը պատմել է, որ մառախուղի պատճառով մոլորվել է: Կորած բնակչուհին նշել է, որ իր հանդեպ բռնություն չի եղել:
Նշենք, որ շրջանառվում էին վարկածներ, թե ադրբեջանցի դիվերսանտները կարող էին առևանգել տարեց կնոջը:
«Նման բան չկա, մեր բնակչուհին գնացել ու պատահական կորել է»,-Henaran.am-ին հայտնել էր Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
Հիշեցնենք, այսօր նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա :