Հարկայինը “մուծվել” է տալիս եղեգնաձորցի գործարարներին
Եղեգնաձորի հարկային տեսչությունը վերջին ամիսներին հավելյալ գումարներ է պահանջել մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից “պլան” կատարելու համար: Այդ մասին գործարարներին տեղեկացրել է անձամբ տեսչության պետը կամ նրա տեղակալը: Գործարարները, բացառությամբ մի քանիսի, վճարել են պահանջված գումարները:
Այն կազմել է հարյուր հազարից 500 000 ՀՀ դրամ: “Մուծված” գործարարները Henaran.am –ին պատմել են, որ տվել են՝ հանկարծ “գլխներին չսարքեն”: Եղեգնաձորի կենտրոնում գործում է մոտ 60 խանութ եւ ծառայություն մատուցող կառույցներ, բայց “նալոգ” գանձվում է անգամ քաղաքի ծայրամասերում գտնվող փոքրիկ կրպակներից: Գործարարները չգիտեն, ՊԵԿ-ի՞ց են հավելյալ “պլանի կատարում” պահանջել մարզային տեսչություններից, թե՞ վերջիններս արջի ծառայություն են մատուցում:
Գումարը չտված գործարարներից մեկը պահանջել է բացատրել, թե դրանք ինչ հավելյալ գումարներ են, ինչպես են ձեւակերպում նրանք այդ հարկը, երբ ինքը մինչեւ տարեվերջ իրենից օրենքով պահանջվող բոլոր հարկերը վճարել է: Բնականաբար, ձեւակերպումը եղել է բանավոր ու գործարարներն էլ պնդել են, որ երբ հարկային տեսչությունը կունենա ձեւաթղթերը, կամ կարողանա բացատրի ի՞նչ հարկեր են, ինչի՞ համար են գանձվում, այդ ժամանակ էլ կվճարեն:
Եղեգնաձորցի գործարարները խուսափում են այս մասին բարձրաձայնել եւ բնականաբար նշել իրենց անունները: Ի դեպ, վերջերս ձերբակալվել է Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետ Մարատ Սմբատյանը: Վերջինս ունի սեփական խանութ, բենզալցակայան եւ չկարողնալով տանել հարկային տեսուչների կամայականությունները՝ ընդվզել է, նույնիսկ, ըստ տեսուչների՝ քաշքշել նրանց:
Նշենք նաեւ, որ շատինցիների պատմելով, նախորդ տարիներին երկու անգամ հարկային տեսչությունը սխալ կեղծ տուգանք է ձեւակերպել գյուղապետի խանութի վրա: Մարատ Սմբատյանն էլ դիմել է դատարան եւ երկու անգամ էլ շահել: Ասում են, հարկային տեսչությունը հիմա “քեն” է հանում:
Հ. Գ. Henaran.am-ը հարցի առնչությամբ ակնակալում է ՊԵԿ-ի պաշտոնական պատասխանը:
Նշենք, որ այսուհետ՝ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: