11-ամյա երեխան ձերբակալվել է` դպրոցում ատրճանակ պահելու մեղադրանքով
ԱՄՆ-ի Յուտա նահանգում 11-ամյա երեխա է ձերբակալվել, ով իր հետ ատրճանակ է տարել դպրոց: Նա ասել է, որ զենքն իր մոտ է պահում իր եւ իր ընկերների անվտանգությունն ապահովելու համար` դեկտեմբերի 14-ին Քոնեքթիքուտ նահանգի դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո, հաղորդում է “Reuters”-ը:
Չնայած երեխան հայտնել է, որ ատրճանակն ինքնապաշտպանության համար է, ականատեսները վկայում են, որ դասամիջոցի ժամանակ նա զենքով սպառնացել է դասընկերներին: Զենքը երեխայի պայուսակում է հայտնաբերվել օրվա ավարտին: Ուսուցիչը ոստիկանություն է կանչել: Երեխային ձերբակալել են եւ հեռացրել դպրոցից: Նրան մեղադրում են ուսումնական հաստատության տարածքում զենք պահելու մեջ: Երեխայի ծնողները հայտնել են, որ զենքը պատկանում է իրենց ազգականին, ով ժամանակավորապես իրենց տանն է բնակվում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Քոնեթիքուտ նահանգի դպրոցներից մեկում 20-ամյա Ադամ Լանզան սպանել էր 20 երեխաների եւ 6 ուսուցիչների, որից հետո ինքնասպան էր եղել: