“Միկա-ցեմենտ”-ում կրքերը լարված են,երկուշաբթի բողոքի ակցիա. Կոտայք
Չորս ամիս է`Հրազդանում գործող “Միկա-ցեմենտ” գործարանի 500-ից ավել աշխատողներ աշխատավարձ չեն ստացել, բացի այս գործարանի տնօրինությունը աշխատողներին 4ամիս ժամանակով ուղարկում է հարկադրված չվճարվող արձակուրդի:
Նոյեմբերի 15-ին գործարանի տնօրինության եւ աշխատողների միջեւ տեղի ունեցավ ընդվզում: Գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը լրագրողների հետ ունեցած հեռախոսազրույցով հերքեց լուրերը, ըստ որի ընդվզման պատճառով աշխատանքից հեռացրել է մի շարք աշխատողների;Բայց ընդամենը մի քանի օր անց շուրջ 35 աշխատող անակնկալի եկան`իմանալով որ առանց որեւէ բացատրության եւ նախազգուշացման ազատված են աշխատանքից;Հավանականությունը մեծ է, որ գնալով այդ թիվն էլի կավելանա։
Իսկ տնօրինությունը պարզապես անհետացել Է:Ստացվում է,որ խախտված է շուրջ 35 քաղաքացու իրավունք,քանի որ ըստ աշխատանքային օրենսգրքի գործատուն պարտավոր է 1 ամիս առաջ տեղեկացնել աշխատողին աշխատանքից հեռացնելու որոշումը :
Պարզվում է նաեւ,որ գործարանի սեփականատեր Միքայել Բաղդասարովը երկու տարի առաջ գործարանը վարձակալությամբ հանձնել է ԱԳ նախկին նախարար Վարդան Oսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին, ովնույնիսկ տեղյակ չէ,թե ինչ է կատարվում իր գործարանում եւ լավ կլիներ՝ մի փոքր էլ մտահոգ լիներ այն մարդկանց ճակատագրերով, ովքեր ոչ միայն առանց աշխատավարձի աշխատել են, այլ նաեւ իրենց քրտինքով աշխատած գումարները պահանջելու համար “պատժվել են”՝ մնալով առանց աշխատանքի:
“Միկա-ցեմենտ” գործարանում կրքերը չեն հանդարտվում: Երեկ գործարանի տնօրինությունը մամուլում ստել էր`հերքելով աշխատողներին աշխատանքից ազատելու լուրը, ինչպես նաեւ այն,որ 90տոկոս մարել է պարտքերը:
Կիրակի առավոտյան, Henarana.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում աշխատանքից ազատված բանվորներից նշեցին, որ 4 ամսվա չվճարված աշխատավարձից ստացել են ընդամենը 1 ամսվանը:
Աշխատանքից ազատված բանվորները նաեւ ասացին, որ երկուշաբթի առավոտյան պատրաստվում են դուրս գալ բողոքի`պաշտպանելու իրենց ոտնահարված իրավունքները:
Փորձեցինք անձամբ պարզաբանումներ անել գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից,սակայն վերջինս, վերցնելով հեռախոսը եւ հասկանալով,որ իր հետ լրագրող է խոսում,անմիջապես անջատեց հեռախոսը`այլեւս չպատասխանելով մեր զանգերին:
Նշենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: