05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞ւր են գնացել բանկերի փողերը

168.am-ը գրում է.

Բանկային կապիտալը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելանում է։ Թվում է, թե այդ գումարների մի մասն էլ պետք է գնար իրական տնտեսություն, նպաստեր տնտեսության զարգացումներին։ Բայց իրական տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության արտադրական հատվածում վարկային ներդրումներ բացարձակ չեն արվում։

Վերջին տարիներին դրանք նույնիսկ կրճատվել են։

Ամենաթարմ տվյալներով, արդյունաբերության մեջ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի պորտֆելն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է 496 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվանից 1,8 միլիարդով պակաս է։

Ոչ միայն անցած, այլև երեք տարի առաջ էլ արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն ավելի շատ էին, քան այս տարի։ 2021թ. հուլիսին դրանք կազմել էին 548 մլրդ դրամ։

Երեք տարում տնտեսության այս հատվածում բանկերի կատարած վարկային ներդրումները նվազել են 52 միլիարդով։ Եվ սա՝ այն պարագայում, երբ այդ նույն ժամանակահատվածում բանկերի վարկային պորտֆելն ահռելի աճ է արձանագրել. ավելացել է 1,5 տրիլիոն դրամով կամ գրեթե 4 մլրդ դոլարով։

Այդքան գումարից ոչ մի լումա չի գնացել արդյունաբերության մեջ։ Ընդհակառակը՝ այստեղից են գումարները դուրս եկել։

Բանկերը բացարձակ հետաքրքրություն չեն ցուցաբերել տնտեսության իրական հատվածի նկատմամբ, ներդրումներ չեն կատարել արդյունաբերության մեջ։

Սա առավել քան բնորոշում է մեր տնտեսության իրական հատվածի ողբալի վիճակը։

Այն տնտեսական աճերը, որոնցով այդքան հպարտանում են իշխանությունները, ներքին տնտեսության իրական, մասնավորապես՝ արդյունաբերության զարգացումների արդյունք չեն։ Այլապես՝ բանկային կապիտալը գոնե մի փոքր հետաքրքրություն կունենար տնտեսության այս ամենակարևոր ոլորտի նկատմամբ։

Բանկերը լավ գիտեն իրենց փողի արժեքը. աշխատում են գումարներ չներդնել այնտեղ, որտեղ զարգացում ու հեռանկարներ չկան։ Դրա համար էլ տնտեսության իրական հատվածում ոչ միայն ներդրումներ չեն արել, այլև հանել են իրենց գումարները։

Բանկերի այսպիսի վարկային «ագրեսիայի» պայմաններում՝ արդյունաբերությունը մնացել է ձեռնունայն։ Ոչ միայն ուղղակի ներդրումներ, այլև վարկային ներդրումներ չկան։

Զարմանալի չէ, որ արդյունաբերության արտադրական հատվածում բացարձակ աճ չկա՝ չհաշված անցած տարվա վերջին ու այս տարվա սկզբին նկարած վիճակագրական բարձր աճերը։

Ի տարբերություն արդյունաբերության, բանկերը մեծապես հետաքրքրված են եղել երեք վարկային շուկաներով։ Թվում է, թե դրանք իրարից անկախ շուկաներ են, բայց բոլորն էլ կապված են միմյանց հետ։ Բնակարանային շինարարության հետ է կապված՝ ինչպես հիփոթեքի, այնպես էլ՝ շինարարության, նաև սպառողական վարկավորման ավելացումը։

Բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելը վերջին երեք տարում ամենաշատն է ավելացել՝ ավելի քան 643 մլրդ դրամով։ Եթե վերածենք տարադրամի, այն համարժեք կլինի 1,6 մլրդ դոլարի։

Երեք տարում բանկերի հիփոթեքի պորտֆելն այդքանով ծանրաբեռնվել է։ Այն ավելի քան կրկնապատկվել է։ Մինչև 2021թ. հուլիս բանկերը տրամադրել էին 559 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր։ Հիմա այն հասել է 1 տրիլիոն 203 մլրդ դրամի։

Բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելն արդեն անցնում է 3 մլրդ դոլարից։

Սրանք վարկեր են, որոնք ամբողջությամբ ծանրացած են քաղաքացիների վրա։ Ու չնայած դրան, քաղաքացիները շարունակում են նոր ծանրություն ավելացնել։ Մեկ տարում հիփոթեքային վարկերն ավելացել են գրեթե 630 մլն դոլարով։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմել է շուրջ 26 տոկոս։

Քաղաքացիների վարկային բեռը, սակայն, միայն հիփոթեքով չի ավարտվում։ Ավելի մեծ է սպառողական վարկերի բեռը, որը, վերջին տվյալներով, անցնում է 1 տրիլիոն 228 միլիարդ դրամից, կամ 3 մլրդ դոլարից ավելին է։

Վերջին տարիներին սպառողական վարկերը ևս ակտիվ ավելացել են, բայց հիփոթեքից համեմատաբար քիչ։ Այս տարի պատկերը սկսել է փոխվել՝ սպառողական վարկերն ավելի շատ են, քան հիփոթեքը։ Սպասվում է, որ առաջիկայում այս միտումը կխորանա։ Սպառողական վարկերը կշարունակեն ակտիվ ավելանալ՝ կրկին կապված բնակարանային շինարարության հետ։ Եթե մինչև այժմ մարդիկ հիփոթեքային վարկեր էին վերցնում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու և բնակարան գնելու համար, հիմա էլ սպառողական վարկեր են վերցնում՝ շահագործման հանձնված բնակարանների շինարարությունն ավարտելու ու վերանորոգելու համար։

Սրանով է պայմանավորված սպառողական վարկերի ակտիվացումը։

Հիփոթեքը քիչ էր, հիմա էլ տնային տնտեսությունները սպառողական վարկերով են ծանրաբեռնվում։

Թե դա ինչի՞ կարող է հանգեցնել, դժվար չէ հասկանալ։ Բավական է թեթև ցնցում տնտեսության մեջ, սոցիալական առումով, որպեսզի վարկերի տակ ճռռացող քաղաքացիները բախվեն դրանք սպասարկելու խնդիրների հետ։

Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մարդկանց եկամուտների առումով, արդեն իսկ լուրջ մտահոգություններ է պարունակում։ Նախկինում էլ տնային տնտեսությունների վարկային բեռն ավելի արագ էր աճում, քան եկամուտները։ Բայց հիմա այդ խզումն ավելի է մեծացել՝ մի կողմից՝ վարկային բեռի ագրեսիվ ավելացման, մյուս կողմից՝ քաղաքացիների եկամուտների աճի տեմպի դանդաղման հետևանքով։ Վարկային բեռի աճի տեմպն այս տարի առնվազն 3 անգամ ավելի է, քան միջին աշխատավարձինը, որը քաղաքացիների մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրն է։

Պաշտոնական տվյալներով, հուլիսին միջին աշխատավարձի աճը նախորդ տարվա հուլիսի համեմատ եղել է 6,1 տոկոս, իսկ հիփոթեքային ու սպառողական վարկերինը՝ 19 տոկոս։

Քաղաքացիների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճում, քան աշխատավարձերը։ Սա վատ միտում է, որը մի գեղեցիկ օր կարող է վերածվել համակարգային ճգնաժամի՝ փաստի առաջ կանգնեցնելով ոչ միայն քաղաքացիներին ու բանկերին, այլև շինարարության ոլորտը, որտեղ ևս վերջին տարիներին բավական մեծ քանակությամբ բանկային կապիտալ է կենտրոնացել։

Բանկերի վարկային պորտֆելը շինարարության ոլորտում հիմա ավելի մեծ է, քան ամբողջ արդյունաբերության մեջ։

Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ վարկային կապիտալը, այդ թվում՝ հիփոթեքային ու սպառողական վարկերի միջոցով, գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է տնտեսության մի ճյուղում՝ բնակարանային շինարարության մեջ, իսկ տնտեսության բազմաթիվ ճյուղեր, և հատկապես, արդյունաբերությունը, դուրս է մնացել։ Արդյունքում՝ վարկային շուկան չափից դուրս տաքացել է՝ տնտեսության մեկ ճյուղում կենտրոնանալու հետևանքով, իսկ տնտեսության իրական հատվածը զրկվել է ներդրումներ, թեկուզ՝ վարկային ներդրումներ ներգրավելու հնարավորությունից։

Այս ամենի պատճառը եղել է իշխանությունների իրականացրած քաղաքականությունը, որը ոչ միայն ռիսկերի առաջ է կանգնեցրել քաղաքացիներին, բանկային համակարգն ու շինարարության ոլորտի մասնակիցներին, այլև երկարաժամկետ կտրվածքով ֆինանսական մեծ բեռ է դրել պետական բյուջեի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ