Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի արևմտյան մասում՝ մի բարձրադիր բլրի գագաթի հարթ տափարակին, որի շուրջը
նախկինում տարածվել է գյուղը։
Տեղացիներին այն հայտնի է Նարեկավանք և Նռնեգավանք անուններով։
Ըստ եկեղեցու մուտքի բարավորի աջ եզրաքարի վրա պահպանված արձանագրության՝ կառուցվել է Թվին ՌՂԴ (1645 թվականին), սակայն պատերին ագուցված բազմաթիվ խաչքարեր ներկայիս
շինությունից ավելի հին են, մասնավորապես՝ շքամուտքի աջ կողմում ագուցված խաչքարը, որը կերտվել է 1516 թվականին։
Հավանաբար եկեղեցին վերանորոգվել է 1645 թվականին։
Եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատի կենտրոնական որմնասյան վրա, հիշատակագրական արձանագրություն են թողել նաև ճարտարապետը և իր աշակերտը․
«Շինեցաւ Սուրբ եկեղեցիս յիշատակ Յոհան վարդպետին եւ Խաչատոր աշակերտին թվին ՌՂԴ»։
Միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան երկու ոչ մեծ պատուհաններ։
Հյուսիսային պատուհանի ետնապատին ագուցված է 15-16-րդ դարերի տապանաքար, իսկ կողապատերին՝ 16-17-րդ դարերին բնորոշ նվիրատվական խաչքարեր, որոնցից աջակողմյան խաչքարին
արձանագրված է․ «Խաչս Խան աղէն»։
Ուշագրավ պատկերաքանդակով է առանձնանում խորշի վերնամասի խաչքարը։
Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երեք զույգ որմնասյուների և նրանցից բարձրացող սլաքաձև կամարների վրա։
Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից։
Լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատների մեկական փոքր լուսամուտներով։
Կառուցված է տեղական անմշակ քարերով։
Սրբատաշ կրաքարից են միայն մուտքի եզրաքարերը, որմնասյուներն ու որմնակամարները։
Եկեղեցին չունի ավանդատներ։
Հյուսիսային պատին, իր ավանդական տեղադրությամբ, մկրտության ավազանն է՝ առնված կամարակապ խորշի մեջ։
Վերջինս կերտված է դեղնավուն կրաքարից, որի ճակատային հատվածում զույգ ծաղկած խաչապատկերներ են քանդակված։
Ավազանախորշի ետնապատին թեքությամբ ագուցված է 17-րդ դարի գեղազարդ մի խաչքար։
Եկեղեցին ունի հարուստ հարդարանք։
Գեղաքանդակ խաչապատկերներով են զարդարված որմնասյուները և որմնակամարները, իսկ արտաքին և ներքին պատերին, ինչպես նաև որմնախորշերի և լուսամուտների եզրապատերին
ագուցված են միջնադարյան խաչքարեր և զարդաքանդակ բեկորներ։
Եկեղեցու հարավային պատի արևելյան որմնասյան կենտրոնական հատվածում ագուցված է Աղբայրի կողմից իր հոր՝ Սրահատի հիշատակին կանգնեցված խաչքարը։
Արևելյան կամարի հյուսիսային կողին քանդակված խաչապատկերի ստորին հատվածում կարդում ենք․ «Խաչս Խանաղին»։
Նույն կամարի այլ խաչաքանդակների ներքո գրված է․ «Խաչս Խաթոն զատէին ինան․․․»։
Գմբեթարդի կամարի հարավային կողմում՝ խաչապատկերի ձախ հատվածում, փորագրված է․ «Խաչս տէր Մարկոս»։
Եկեղեցու արևմտյան ճակատին, որպես գեղազարդման տարրեր, ագուցված են չորս նվիրատվական գեղաքանդակ խաչքարեր։
Շքամուտքի աջ կողմում ագուցված խաչքարին փորագրված է կերտման տարեթիվը․ «Թվին ՋԿԵ» (1516 թ․)։
Նույն ոճավորմամբ է նաև մուտքի ձախ կողմում ագուցված անարձանագիր խաչքարը, որը, վստահաբար, նույն վարպետի աշխատանքն է։
Գեղեցիկ ճարտարապետական հարդարանք է ունեցել նաև շքամուտքը, որից պահպանվել է միայն բարավորը երիզող հովհարաձև շրջանակի աջակողմյան հատվածը։
Մուտքից վեր ևս երկու նվիրատվական նմանատիպ խաչքարեր են, որոնցից ձախակողմյանի վերնամասում փորագրված է․ «Խաչս Պաջիւն»։
Եկեղեցու ավերված բեմի տեղում պահպանվել է Խոջիի կանգնեցված խաչքարը։
Հուշարձանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով ավերվել է գմբեթարդը, և վնասվել թաղածածկի որոշ հատվածներ։
Եկեղեցու արևմտյան մասում տարածվում է Հին Դրախտիկի գերեզմանատունը, որտեղ պահպանվել են պարզ սալատապաններ և ուղղանկյունաձև տապանաքարեր։