Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը։
Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Ի՞նչից պետք է հրաժարվել պահքի ժամանակ
Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։
Նաև կարևոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաև հոգևոր էակ է և հոգևոր կյանքն ավելի կարևորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին:
Պետք է հեռու մնալ մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն):
Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է:
Պետք է հնարավորինս հեռու մնալ ամուսնական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը:
Թեև այս հարցում միանշանակ արգելք չկա, սակայն խորհուրդ է տրվում ամուսիններին ավելի զուսպ լինել։
Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթացքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, բղջախոհություն:
Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ զազրախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն։
Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն, պահքը չպետք է դառնա հպարտանալու և ամբարտավանանալու միջոց, թե՝ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում:
Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:
Պետք է մեզանից հեռու վանել եսասիրությունը։
Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ:
Առաջին հերթին և, ամենակարևորը՝ հարատև աղոթք ու Սուրբ Գրքի ընթերցանություն։
Սրանց զուգահեռ պետք է նշել նաև զղջումն ու ապաշխարությունը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում:
Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա, եթե այն, ինչ մենք չենք ուտում, տանք աղքատներին։
Կարեկցանք, խնամք, նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց հոգսերը:
Եթե չիմանալով օգտագործել ենք արգելված սնունդ կամ պահքին հակասող արարք ենք թույլ տվել, դա նշանակում է Պահքը խախտել ենք, թե՞ կարելի է շարունակել։
Եթե պահքը չիմանալով խախտել ենք, սնունդով կամ արարքով, դա չի նշանակում որ պետք է հուսահատվել ու դադարեցնել պահքը:
Հարկավոր է անկեղծորեն զղջալ և շարունակել պահեցողությունը ավելի զգոն:
Պահքի ընթացքում ի՞նչ տեսակ հաց է կարելի օգտագործել։
Պահքի ընթացքում հացի օգտագործումը չի արգելվում, սակայն հաց գնելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել դրա բաղադրությունը, եթե դրանում չկան կենդանական ծագման հավելումներ, ուրեմն այն կարելի է օգտագործել:
Անդրադառնալով խմորասնկերին, որոնք օգտագործվում են հացի պատրաստման մեջ, ապա դրանք ունեն բուսական ծագում և չեն խախտում պահեցողության ընթացքը:
Արդյո՞ք Միջինքը կտրում է Պահքը։
Միջինքի օրը (այս տարի մարտի 10-ին) պահքը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել:
Պահքի ընթացքում թույլատրվո՞ւմ է մարգարին օգտագործել։
Մարգարինը բուսական ծագում ունեցող սննդամթերք է:
Սակայն ամեն դեպքում հարկավոր է կարդալ բաղադրությունը, քանի որ կան մարգարինի տեսակներ, որոնք կենդանական ծագման բաղադրիչներ են պարունակում:
Պարտադի՞ր է պահքի ընթացում այցելել եկեղեցի։ Եթե չենք այցելում, ապա դա համարվում է թերի՞ պահեցողություն։
Եկեղեցի հաճախել միշտ է հարկավոր, իսկ պահեցողության ընթացքում առավել կարևոր է այցելել եկեղեցի ու մասնակցել պատարագներին:
Ալկոհոլ կարելի՞ է օգտագործել պահքի ընթացքում:
Պահեցողության ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից:
Պահքի ընթացքում պսակ անո՞ւմ են, թե՝ ոչ։
Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրություն չի կատարվում։
Սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը և այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանն ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է և կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին և բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:
Իրականում սխալ է պահքի ժամանակ պսակվել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդվում է ոչ թե եկեղեցական կանոնների հրամայականով, այլ՝ հովվական խնամքի: