«Կարելի է 2-3 ամսում իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել. Փաշինյանը պետք է լռի». Օսկանյան
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի:
«Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նա բոլորին կոչ արեց մասնակցել ստորագրահավաքին:
Նա նշեց, որ չի լսել ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկու ելույթները. «Լրահոսից ուղղակի իմացել եմ՝ մոտավորապես ինչ է ասել: Հայաստանի որևէ նախկին իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի ճանաչել՝ անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի և ինչպես կմեկնաբանի տարբեր երևույթներ: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է և հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, դա կլինի մեծ սխալ, այդ արարքի համար սերունդներով մենք կզղջանք»:
Հարցին՝ դիվանագիտական ճանապարհով այս իրավիճակից ելք կա՞, նա պատասխանեց. «Այո, ես բազմիցս ասել եմ՝ այսօր լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ Փաշինյանը փորձում է անել: Պատերազմը, որ հաճախ մեզ փորձում են մատուցել՝ որպես անխուսափելի, միանշանակ ասում եմ՝ ոչ թե պատերազմը անխուսափելի չէր, պատերազմը բացառված էր, պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով: Ես ուղղակի վստահ եմ դրանում, համոզված եմ, և դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են: Այսօր նույն բանն է ասվում, որ այն, ինչ արվում է, այլընտրանք չկա: Այսօր կա լրջագույն այլընտրանք այն ամենին, ինչ Փաշինյանն այսօր փորձում է անել: Տեսեք, նախ՝ մի ենթադրություն, որ այսօր շրջանառության մեջ է, պետք է վերանայել, դա նախապայմաններից մեկն է: Դա այն է, որ իբր ինչ այսօր կատարվում է, նաև միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պարտադրանքն է, այս բոլորն արվում է նաև նրանց ճնշման տակ: Այս ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել և դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե դա ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որ իրենց համար բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են: Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով Փաշինյանին կաջակցի, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ Հայաստանի իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»:
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ եթե Հայաստանի իշխանություններն այսօր ի վիճակի չեն այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի կարևոր, ազգային, գոյաբանական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան՝ բանակցությունները հանձնել այլոց. «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ՝ շատ կարճ ժամանակում՝ երկու-երեք ամսվա ընթացքում, կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա՝ այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի: Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին և Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, ուրիշ այդպիսի բան չկա:
Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, Փաշինյանի կողմից պատերազմից հետո խոսել շարունակելն այդ ամբողջն ավելի խորացրել է: Այսօր Փաշինյանի շարունակել խոսելն օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակը փոխել: Փաշինյանը պետք է չխոսի ո՛չ հանձնաժողովներում, ո՛չ կառավարության նիստերում, ո՛չ ԱԺ-ում, ո՛չ հարցազրույց տա, ո՛չ ասուլիս տա: Իսկ թե այդ բանակցային խումբն ինչ է անելու… 3 հիմնական բան: Առաջին՝ շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը: Սրա վրա ուշադրություն դարձրեք, շատ նուրբ բան եմ ասելու. Ո՞նց կարելի է այդ նարատիվը փոխել: Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններում պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում ոչ հավասար պայմաններում՝ որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին և Ադրբեջանին վերջիվերջո հասնելու արդար և կայուն խաղաղության»:
Երկրորդ քայլը, ըստ նրա, այն է, որ պետք է ընդլայնել այսօրվա բանակցային օրակարգը. «Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որը ընկալելի կլինի հայ ժողովրդի համար: Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս այսօր: Ադրբեջանն ուզում է՝ իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր բանակցությունները գնում են դրա շուրջ: Երրորդ՝ պետք է դնել այդ պահանջը: Բազմաթիվ այլ խնդիրներից առաջնայինն այդ պահանջում պետք է լինի հետևյալը՝ ԼՂԻՄ-ի սովետական շրջանում կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգ: Ես շատ զգույշ եմ ասում սա, ուզում եմ, որ չաղավաղվի: Այդ փաստի գոյությունը սովետական շրջանում, որ ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում:
Այդ փաստն էր այն ժամանակ՝ 1991թ., որ հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, անցկացնելու ռեֆերենդում, այդ փաստն օրինականացվեց և միջազգային հանրության համար ընդունելի դարձրեց, որ ԼՂ ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար մարզ: Դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական և իրավական ինչ-որ լուծումների գնալու՝ բանակցությունների արդյունքում: Այս հարցն օրակարգ բերելու խնդրում ուղղակի հակափաստարկ որևէ մեկը չի կարող ունենալ: Սա միջազգային հանրությունը միանգամից վերցնելու է, ընդունելու է և բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է՝ դիմադրի, բայց նրան կստիպեն, որովհետև սրա դեմ հակափաստարկ չկա ուղղակի: Իսկ Ադրբեջանը եթե ուղղակի պնդի և դեմ լինի, որ սա մտնի օրակարգ, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»: