Կատարելությունից հեռու. գիտնականները պարզել են Թութանհամոնի արտաքինը /ֆոտո/
Բրիտանացի գիտնականները ստեղծել են եգիպտացի փարավոն Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը։ Փարավոնի դիմանկարը վերստեղծվել է արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա, հաղորդում է Вести-ն։
Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն ՛՛Թութանհամոն. բաց ճշմարտություն՛՛ վավերագրական ֆիլմում:
Գիտնականները կարծում են, որ 19 տարեկանում մահացած փարավոնը այնքան էլ գրավիչ արտաքին չի ունեցել։ Նա ունեցել է ատամնաշարի սխալ դիրք և առաջ եկած ստորին ծնոտ։ Նրա ձախ ոտքը լրջորեն ծռված է եղել կոճի շրջանում, այնպես որ, ծուռթաթության պատճառով նա, հավանաբար, ձեռնափայտով է շարժվել։ Բացի այդ, Թութանհամոնն ունեցել է շատ լայն ազդրեր և նեղ ուսեր։
Բացի այդ, գիտնականները կարծում են, որ փարավոնը, հավանաբար, ունեցել է գենետիկ հիվանդություններ, որի պատճառը եղել են մտերմիկ բարեկամական ամուսնությունները, որոնք տարածված են եղել եգիպտական փարավոնների ընտանիքներում։ Այդ կարծիքի օգտին են այն վկայությունները, որ այդ տոհմի անդամները վաղ տարիքում են մահացել։
Թութանհամոնն իշխել է Եգիպտոսում մ.թ.ա. 1332-1323թթ.։ Պատմաբանները նրան համարում են Էխնատոն փարավոնի որդին, ով ամուսնացած է եղել Նեֆերտիտիի հետ։ Թութանհամոնի մայրը եղել է Էխնատոնի մյուս կինը, ով, որոշ գիտնականների համոզմամբ, եղել է իր ամուսնու քույրը։