Արցախի խնդիրը հեղափոխական թոհուբոհ չէ
168.am-ը գրում է.
Դժվար թե մեկն այլընտրանք առաջարկի, եթե պնդենք, որ և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ ներքաղաքական ու հասարակական կյանքում մեր պետության ու պետականության գերխնդիրն Արցախն է` իր հիմնահարցով: Իսկ խնդիրն այնպիսի լուծում է պահանջում, ինչպիսին այդ հինավուրց հողի հնաբնակ տերն է պատկերացնում` իր երկարամյա պայքարով: Ուրեմն՝ Արցախի հիմնախնդրի լուծումը մեկ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի` բացառապես Արցախի ինքնորոշված ժողովրդի: Անվիճելի է, որ մեր ինքնության, պետության ու պետականության, լինելիության ընթացքի երաշխիքն ու պայմանն Արցախն է: Արցախը ոչ միայն Հայաստանի դարպասն է, այլ ուղղակի մեր առօրյա, ամենօրյա ելումուտը: Այդուհանդերձ, արցախցին է որոշել և որոշում իր կեցությունն ու կացությունը:
Հենց այս միակ ձևաչափի անվիճելիությամբ էլ շարքից դուրս է գալիս, այսինքն` ոչ շարքային է այն նորամուծությունը, թե Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար` Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի: Ադրբեջանը Արցախի վտանգն է` Արցախը առանց արցախցիների, իսկ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է` արցախցին պետք է ապրի Արցախի հողի վրա: Հետևություն՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար չի կարող որևէ ձևաչափ հավասարապես կամ մոտավոր ընդունելի լինել: Երբ մեկ ընտրություն կա և վերաբերում է Արցախի գոյությանը, կրիտիկական պահին արցախցին թքած ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ընդունելի ու անընդունելի տարբերակների վրա: Գուցե առաջին դեպքում՝ հարգանքով, իսկ երկրորդ դեպքում՝ անարգանքով, բայց դրանց սկզբունքը չի փոխվի: Արցախի հարցի լուծումն արցախցու համար պետք է ընդունելի լինի՝ որպես կենսակերպ:
Ավելորդ է նշել, թե որքան կարևոր ու կենսական է Արցախի խնդիրը` իր մեջ պարունակող բարդ ու դժվար, ամեն վայրկյան խճողումով վտանգված լուծումով, որ ոսկերչական ու միկրովիրաբուժական մոտեցում է պահանջում, զգոնություն ու սթափություն: Սա այն հարցը չէ, որ ըստ քիմքի հաճելիության՝ հայտարարություններ արվեն այս կամ այն խմբի րոպեական հաճոյասիրությունը բավարարելու համար` շահելով վաղանցիկ միավորներ դուխով տղա երևալու ինքնագոհությամբ: Ամեն բառ ու արտահայտություն իր մեջ կամ վերև, կամ ներքև է պարունակում, ոչ մի բան հենց այնպես ասված խոսք չի մնում, այսինքն` անարձագանք ու անհետևանք: Ամեն հնչեցրած խոսք՝ լինի թևավոր թե անթև, իր խորքում տարիների փորձ ու դիվանագիտություն, զգուշավորություն է պահանջում: Ինչպես ասում են` Արցախին մոտենալը մեկ մարդու խելքի բան չէ, պետականության կուտակած փորձի արգասիք է:
Արցախն իր մեջ միայն Արցախի Հանրապետությունը չի պարունակում, Արցախն առաջին հերթին Սյունիքն է, Մեղրին է, Երևանն է… Հայաստանի Հանրապետությունը, նոր միայն վերջում Արցախի Հանրապետությունն է: Հայաստանը Արցախ է, և վերջ. սա համայն հայության գիտակցումն է մեր հոգում ու սրտում: Իսկ երբ հայտարարում ենք երկրի ղեկավարի մակարդակով, որ Արցախը Հայաստան է, և վերջ, աշխարհը խորապես թքած ունի մեր սրտի զեղումների ու սիրո թուլության վրա: Սա ընդունվում է՝ որպես ագրեսորի հայտարարություն, նման դիրքորոշումը գուցե Ադրբեջանին ներվում է, բայց Հայաստանին հաստատ չի ներվում միջազգային հանրության ընկալումներում: Քեզնից առաջ, քո առաջ` Թումանյանի հատու խոսքով ասած, էլի հայրենասեր տղաներ կային, և ոչ պակաս` գոնե Արցախի հարցում, բայց չասացին: Ի՞նչ ես կարծում, նրանց նպատակը Արցախը Հայաստանից օտարված տեսնե՞լն էր:
Առավել ևս ավելորդ է նշել, որ Արցախի հիմնախնդրի լուծման բանակցությունները զրոյից չեն սկսում և հատկապես չեն ասում` իմ կետից: Այդ կետն Արցախի ինքնորուշումն է, որ կետ առ կետ հավելելով՝ հասել է մեր այսօրը: Մի ամբողջ երկրի դիվանագիտություն, քաղաքական ու հասարակական էլիտա է ամենօրյա հետևողական աշխատանքով հասել «Ա» կետից «Բ» ու «Գ» կետ: Այս իրողության համահարթեցումը, խուզած գազոնի վերածելը անհեթեթություն է, իսկ ավելի ստույգ` ինքնազվարճանք: Որ Արցախը բանակցային կողմ պետք է լինի, ուշարժան է, բայց ասել, կրկնել ու մոռանալ, անլուրջ է: Անլրջությունը գուցե ցավոտ, բայց մահացու չէ հեղափոխության չիրողության, տնտեսական հեղափոխության սնանկության, թալանը ետ բերելու անկարողության, կամ մեր մեջ մեզ բաժանելու ու թշնամացնելու դեպքերում, միայն թե՝ ոչ Արցախի հարցում: Արցախի խնդիրը քնից արթնանալու և խելքին փչածը պահի մեջ ասելու զվարճանք չէ, ողջ պետական համակարգի ներուժի դրսևորում է, և որքան կայացած, այնքան ճկուն: Արցախի հարցի լուծումը հեղափոխական թոհուբոհի հետ ընդհանրություն չի կարող ունենալ:
Իսկ Աննա Հակոբյանը պատվիրում էր Արցախում պայթած արկերի բեկորներից խաչեր սարքել և բաժանել՝ որպես խաղաղության նշխար: Հետո Մեհրիբանին հրավիրեց թեյախմության: Պատերազմող, պարզապես պաշտպանվող երկրում խաղաղության ակցիան շարունակեց ամբիոններից կոչերով և բնության գրկում դաշտային ծաղիկների փնջով լուսանկարվելով:
Հիմա էլ զինվորական համազգեստով, ինքնաձիգն ափերի մեջ սեղմած` սելֆի է անում: Դե, ոչինչ, որ ինքնաձիգի խզակոթը ձախ ուսին` աջ աչքով է դիտակից նայում նշանակետին: Բայց ի՞նչ պատահեց, ինչո՞վ է պայմանավորված հարյուր ութսուն աստիճան շեղումը, նոր կողմնորոշումը: Արդյո՞ք կարելի է կողմնորոշում համարել վայրիվերումը: Հիմա խաղաղության աղավնի՞ է, թե՞ պատերազմող արծիվ: Որևէ կերպ չի բացատրվում այս անկայուն, հեղհեղուկ փոփոխականությունը` մարտ ամսի եղանակի պես: Երկու կեցվածք, որոնք մեկմեկու հետ անգամ հեռավոր աղերս չունեն: Կասեի` Աստված իր հետ, կամ իր գործն է, եթե Արցախին չվերաբերեր այդ անկայունությունը, քամու փչած ու քշած դես ու դենը:
Անգամ չտեսնելու և չլսելու մեծ ցանկության դեպքում անհնար է չգիտակցել, որ Արցախյան հիմնախնդիրը հասկանալու, արցախցու համար ընդունելի տարբերակով լուծելու կամ գոնե փակուղի ու ադրբեջանական տարբերակ չտանելու ճկունությունից շատ են հեռու նրանք, ովքեր կոչված են հենց այդ ճկունությամբ գործելու համար, տեր լինելու մեր տասնամյակների գոյամարտին: Այդ մարդիկ պարզապես բոբիկ են ու անպատրաստ այդ ճանապարհն անցնելու համար: Չեն ըմբռնում խնդրի երեկը, չեն հասկանում այսօրը և չեն պատկերացնում վաղը: Այդ անլրջությունն այդքան լրջորեն չէր տագնապի մեր մեջ և մեր շուրջը, եթե Արցախի հիմնախնդրին չվերաբերեր: